17/12/2014 12:41
Օբաման նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մինչև այս տարվա վերջ կստորագրի Կոնգրեսի կողմից ընդունված և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ նախատեսող օրենքը:
BBC-ի փոխանցմամբ, «Ուկրաինայի ազատության մասին» օրենքը պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի նկատմամբ:
Օրենքը հավանության է արժանացել դեմոկրատների և հանրապետականների կողմից: Եթե Օբաման ստորագրի նոր օրենքը, ապա այն պատժամիջոցներ է սահմանելու «Рособоронэкспорт» ընկերության նկատմամբ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը նախորդ շաբաթ ընդունել էր 758-րդ բանաձևը, որը քննադատում է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը և մի շարք նոր սահմանափակումներ է ենթադրում Ռուսաստանի և այդ երկրի պաշտոնյաների նկատմամբ: ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի անդամ Դեննիս Կուսինիչը նոր բանաձևի ընդունումը համարում է «սառը պատերազմի» հայտարարում Ռուսաստանին: ԱՄՆ-ի Կոնգրեսի բանաձևում առկա են 10-ից ավելի կետեր, որոնք բավականին խիստ քննադատում են Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի նկատմամբ:
Բանաձևում մասնավորապես կոչ է արվում Ռուսաստանին դուրս բերել բոլոր զորքերի Ուկրաինայի տարածքից, սահմանափակել Ռուսաստանի էներգետիկ և առևտրային հնարավորությունները, որոնք կարող են Կիևի վրա ճնշում գործադրելու գործիքներ օգտագործվել:
758-րդ բանաձևը կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին և պետքարտուղարությանը ավելացնել ռուսերեն լեզվով տեղեկատվական աղբյուրները, կոնտենտը, որը պետք է տարածվի զգալի ռուսախոս բնակչություն ունեցող երկրներում: ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տեղեկատվական «պատերազմ», մրցակցություն է տեղի ունենալու նաև իրենց հարմար լույսի ներքո հետխորհրդային և այլ տարածաշրջաններում տեղեկատվություն տարածելու համար: