17/12/2014 13:20
Հոգեբուժական կենտրոնից կալանավորի փախուստի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ լրատվական բաժնից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի հունիսի լույս 7-ի գիշերը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ 6-րդ և 7-րդ բաժանմունքի տարածքում ծառայություն իրականացրած` ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արկադի Մանուկյանը, Սամվել Այդինյանը, Արսեն Պապոյանը և Հակոբ Գևորգյանը ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, որի հետևանքով փորձաքննվող, կալանավոր Ղուկաս Ա.-ն հիշյալ հիմնարկից դիմել է փախուստի:
Բացի այդ, նաև պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի տեսուչ-հերթապահ Արտյոմ Մկրտչյանը ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել իր պարտականությունը, չի գրանցել ու հաշվառել Ղուկաս Ա.-ի փախուստի վերաբերյալ ստացած ահազանգը:
Հիշեցնենք, որ Արկադի Մանուկյանին, Արսեն Պապոյանին, Սամվել Այդինյանին, Հակոբ Գևորգյանին և Արտյոմ Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: