17/12/2014 12:33
Ջ. Հեֆերնը դիվանագիտական առաքելությունն ավարտում է ՀՀ-ում. Հանդիպել է Ա. Աշոտյանին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան կրթական համագործակցությանը վերաբերող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր գործունեության ընթացքում ՀՀ կրթության ոլորտում ամերիկյան կողմի աջակցությամբ իրականացված մի շարք ծ րագրերի համար՝ մասնավորապես շեշտելով հայաստանյան բուհերին ցուցաբերված տեխնիկական աջակցությունը, FLEX ծրագրին հայ աշակերտների մասնակցությունը, երեխաների իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղվածությունը, բուհերի ապաքաղաքականացմանն ուղղված հետևողական ջանքերը:
Շեշտելով, որ կրթությունը երկկողմ համագործակցության կարևոր ոլորտներից է, դեսպանը հետաքրքրվել է գալիք տարվա կրթական ծրագրերով և Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումների ընթացքով՝ մաղթելով, որ դրանք լինեն շարունակական:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարներին՝ մասնավորապես կիրառական նշանակության և աշխատաշուկայի զարգացմանը միտված նոր կրթական ծրագրերին, բուհերի տեխնիկական արդիականացման և ՏՀՏ ոլորտի մրցունակության բարձրացման հնարավորություններին: