17/12/2014 14:33
ԿԲ-ն պնդում է` իրավիճակը վերահսկելի է. «Չենք կարող վերահսկել մի խանութպանի, որ գներ է ավելացնում»
Ի՞նչ է անում Կենտրոնական բանկը խուճապը թոթափելու համար: Հարցին արձագանքելով՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ասուլիսում ասաց, որ ամբողջ գործիքակազմը օգտագործում են ու որոշումներ են ընդունել տարբեր նորմատիվների հետ կապված` այսօր հանդիպել է բանկերի ղեկավարների հետ:
Նա հավաստիացրեց, որ իրավիճակը վերահսկելի է և այլն, ինչին ի պատասխան լրագրողը հարցրեց` ո՞րն է ԿԲ-ի վերահսկումը, եթե դոլարը նման կտրուկ աճ է արձանագրում ամեն րոպե ու ամեն ժամ: Սակայն Ա. Ջավադյանը «չհանձնվեց».
«Հիմնական մեղավորները ոչ միայն նրանք են, որ սպեկուլյացիա են արել, որն էլ դրական կողմ ունի` մարդիկ որոշակի տատանման վրա գումար են աշխատում: Մենք վերահսկում ենք ՀՀ բանկերին, ֆինանսական շուկաների մասնակիցներին. Մենք նրանց ենք վերահսկում, բայց չենք կարող վերահսկել մի խանութպանի, որ գներ է ավելացնում, մենք ի՞նչ կարող ենք անել: Եթե բանկերի կողմից կան չարաշահումներ, մենք դա բացահայտում ու պատժում ենք: Բայց իրավիճակը պահում ենք վերահսկելի»,- հավաստիացրեց նա:
Նաև հավելեց, որ պետք չէ ՀՀ ԿԲ-ից ավելին սպասել, քան՝ այն գործողությունները, որ անում են, օրինակ` լոմբարդի տոկոսադրույք են ավելացնում և այլն:
«Եթե դուք սպասում եք գլխատումներ, գնդակահարություններ` դա մեր գործը չի»,- ընդգծեց նա: