17/12/2014 15:59
Շարմազանով. Եթե Ռուսաստանում խնդիր կա, Հայատանում ինչպե՞ս խնդիր չի լինի
Դրամի փոխարժեքի վերաբերյալ քննարկումների վերաբերյալ արտահերթ նիստը հավանաբար կլինի այսօր: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է լռում նախագահ Սերժ Սարգսյանը, պատգամավորը պատասխանեց, որ մինչև Սերժ Սարգսյանը կան այլ պաշտոնյաներ, ովքեր պետք է և պարտավոր են խոսել այդ մասին: Նա նշեց, որ երեկ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն արդեն խոսել է և չի գտնում, որ Սերժ Սարգսյանի խոսելու անհրաժեշտությունը կա:
«Ամեն հարց չէ, որ ՀՀ Նախագահը պետք է խոսի: Գլոբալ հարց է, գլոբալ պատասխաններ Դավիթ Հարությունյանն արդեն տվել է: Ո՛չ նա, ո՛չ էլ պատգամավորները վերջին պաշտոնյաները չեն, ովքեր կարող են բոլոր հարցերին պարզաբանումներ տալ: Խնդիրը Կառավարության ուշադրության կենտրոնում է: Չի բացառվում որ լինի նաև հայտարարություն»,- ասաց նա:
Խոսելով արտահերթ նիստի մասին՝ նա մանրամասնեց, որ երեկ պարոն Բագրատյանից, այնուհետև ընդդիմադիր մյուս գործընկերներից եղել են առաջարկներ, որպեսզի քննարկվի հարցը և չի բացառվում, որ այն լինի հենց այսօր: «Այո, սա այն հարցն է, որը պետք է քննարկվի. խնդրի համար պետք է ելքեր գտնել: Առաջին հերթին սա պատգամավորներիս է մտահոգում և, կարծում եմ, որ արդյունավետ կլինի փակ ֆորմատով քննարկումը»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ իշխանություններն այսօր էլ մնում են այն կարծիքին, որ միակ արդյունավետ միջոցն է:
«Փակ քննարկումից հետո յուրաքանչյուր պատգամավոր կարող է դուրս գալ ու իր տեսակետը հայտնել: Սա այն հարցն է, որը մասնագիտական խորը վերլուծությունների կարիք ունի: ԱԺ-ում կան մեծ թվով տնտեսագետներ, ովքեր առաջարկներ կունենան: Սա այն հարցն է, որ սիրողական մակարդակի մեկնաբանությունների կարիք չունի: Հարցը շատ գայթակղիչ ու մտահոգիչ է, ուստի մասնագիտական խորը վերլուծություն է պահանջում»,- ասաց նա` նշելով, որ եթե պատգամավորները պետք է արտահերթ նիստ հրավիրեն ու զգացմունքային հայտարարություններ անեն, ապա անիմաստ է համարում արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը:
Պատգամավորի համոզմամբ` բոլորն էլ համաձայն են փակ ռեժիմով քննարկմանը, մնում է որոշել, թե երբ այն տեղի կունենա: «Այստեղ ոչ թաքցնելու խնդիր կա, ոչ` թաքնվելու»,- վստահեցրեց փոխխոսնակը: Նրա խոսքով` փակ քննարկում ԱԺ կանոնակարգի խախտում չէ:
«Փակ քննարկումները նրա համար են, որպեսզի սառը, առանց խուճապային մանրամաների նստեն ու իրական գնահատականներ տան այդ ամենին: Եթե կա նման հնարավորություն, պետք է օգտվել նաև դրանից: Այս թանկացումները առաջին հերթին ինձ էլ են մտահոգում»,- ասաց Շարմազանովը:
Իսկ թե ովքեր կմասնակցեն փակ քննարկմանը, Է. Շարմազանովը անուններ չնշեց: Միայն հավելեց, որ խնդիրը ոչ միայն սոցիալական է, այլ տնտեսական: «Մեր խնդիրը պրոբլեմ լուծելն է: Եթե ևս մեկ անգամ պետք է կանգնենք ու հայտարարություններ անենք, լուծման տարբերակներ չգտնենք, ապա արտահերթ նիստ հրավիրելու կարիք չկա: Ինչպես կարելի է չմտահոգվել, եթե մարդ գիշերը գնում, առավոտյան արթնանում է ու տեսնում, որ իր ստացած աշխատավարձը չի բավականացնում 10 կլիոգրամ շաքարավազ գնելու համար: Հացը ևս թանկացել է: Օրինակները շատ են և սա մտահոգում է իշխանություններին: Մենք էլ այս աշխարհում ապրող մարդիկ ենք: Մի մտածեք, որ մենք ընտրյալներ ենք ու այս խնդիրները մեզ չեն վերաբերում: Հետո՞ ինչ, որ մի քիչ ավելի աշխատավարձ ենք ստանում: Մեզ այսօր ավելի շատ մտահոգում է սոցիալապես անապահով խավերի վիճակը: Տարբեր խնդիրներ կան, որոնք պետք է նստենք ու քննակենք»,- ասաց պատգամավորը` հավաստիացնելով, որ պատգամավորները ուզում են հասկանալ, թե խնդիրը որքանով է կապված Ռուսաստանի, սպեկուլյացաների հետ և թե ինչ պետք է անել այս ամենից դուրս գալու համար:
Հարցին` մի փոքր ուշացած չէ այս քննարկումը Շարմազանովը պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե ուշացած է: Խնդիրը դա չէ, կարևորը լինի համտեղ քննարկում: Երեկ ուրիշ խնդիր ենք քննարկել, այսօր ուրիշ: Այն որ կա արթնացող խուճապ դա մեզ համար ևս պարզ է: Եթե Ռուսաստանում այսօր խնդիր կա, Հայատանում ինչպես կարող է խնդիր չլինել: Այդ քննարկումից հետո կներկայացվեն բոլոր մանրամասները»,- եզրափակեց նա: