17/12/2014 17:56
Այսօրվա դրությամբ ամեն ինչ թանկանում է, ամեն ինչ էլ հնարավոր է. Վարդան Այվազյան
Այս խնդիրը լուծելու համար ԱԺ են եկել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը և կառավարության այլ ներկայացուցիչներ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դոլար-դրամ արտարժույթի տատանումներին, ասաց ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Կքննարկենք ու կհասկանանք, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում, թե որոնք են իրավիճակի ելքերը»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը` մինչ այստեղ քննարկումներ են ընթանում, բանկերում դոլարը վաճառվում է 580 դրամով, Վ. Այվազյանը ուղղեց` ոչ թե 580, այլ՝ ավելի բարձր արժեքով:
«Այս պրոցեսների հետևանքով ամեն ինչ էլ հնարավոր է: Բանկային հաշիվ ունեցող ցանկացած քաղաքացու համար դրամական փոխանցումներ կատարելու առումով որևէ սահմանափակում չկա: Արտարժույթային շուկայում, սակայն, տեղի են ունենում խուճապային իրավիճակներ»,- նկատեց պատգամավորը:
Վ. Ավազյանն ընդգծեց, որ անկախ այս տատանումներից, դոլարը կրկին իջնելու է, բայց թե երբ, նա դժվարացավ պատախանել: «Պետք է հասկանանք, թե ինչ գործիքակազմ օգտագործենք: Ենթադրություններով չեմ կարող խոսել, բայց որ իջնելու է` միանշանակ»,- ասաց նա` հավելելով, որ այլ հարցերի հետ կապված պետք է դիմել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին:
Հարցին` միակ պատասխանատուն Կենտրոնական բա՞նկն է, ՀՀԿ պատգամավորը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ ԿԲ-ն պատասխանատու է շուկայական ոլորտի ֆինանասկան մասով, իսկ շուկայական ոլորտի կարգավորման պատասխանատուն են այլ կառույցները:
«Միայն ԿԲ-ն չէ, այլ՝ ՏՄՊՊՀ-ն, Կառավարության այլ համապատասխան մարմիններ»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս համապատասխան քայլեր չէին ձեռնարկվում, Վ. Այվազյանը պատասխանեց. «Շատ բարդ հարց եք տալիս: Ինձ ասեք` արտարժույթն ինչո՞ւ է իջել: Չեմ կարող ասել: Հարևան երկրներում նույնպես իջել է դոլարի գինը»,- ասաց նա:
Անդրադառնալով խանութներ փակվելուն` պատգամավորը նկատեց, որ դա բնական գործընթաց է, քանի որ այսօրվա դրությամբ ամեն ինչ թանկանում է. «Ամեն ինչ էլ հնարավոր է»: