17/12/2014 14:55
Ա. Ջավադյանն էլ չգիտի. Դոլարը պարտադիր իջնելու է, բայց երբ.....
Կան բանկեր, որոնց իրավունքն է չսպասարկել քաղաքացիների, որոնք չեն հանդիսանում իրենց հաճախորդները: Սա շուկայական հարաբերություններ են: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` արձագանքելով այն խնդրին, որ այս օրերին որոշ բանկեր ու փոխանակման կետեր հրաժարվում են դոլար վաճառել, անգամ 50 դոլարի չափով:
Ա. Ջավադյանն ասաց, որ եթե բանկերը կարող են նման իրավասություն իրենց վերապահել, ապա փոխանակման կետերում նման իրավիճակ չպետք է լինի.
«Ինչ վերաբերում է փոխանակման կետին, ապա եթե այն ունի X քանակի արտարժույթ, ապա իրավունք չունի մերժելու քաղաքացուն փոխարկել: Մենք դա ենք ստուգում: Բայց կան բանկեր, որոնք պատմականորեն չեն սպասարկում ոչ իրենց հաճախորդ հանդիսացող քաղաքացիներին և դա իրենց իրավունքն է»,- կրկնեց Ա. Ջավադյանը:
Հարցին` դոլարը իջնելո՞ւ է, Ա. Ջավադյանը վստահորեն պատասխանեց.
«Պարտադիր: Պարտադիր իջնելու է: Բայց երբ.....»,- այդպես էլ չհստակեցրեց նա:
Ամփոփելով խոսքը՝ ԿԲ նախագահն ասաց. «Ես պնդում եմ, որ առաջիկայում դրամը սկսելու է արժևորվել, կարող է մինչև նոր տարի, կարող է և հետո, ես չգիտեմ: Բայց պնդում եմ` իջնելու է դոլարը»: