17/12/2014 14:25
Ռուստամյան. Եթե Հայաստանը դեֆոլտի մեջ հայտնիվի, ապա բոլորս ենք պատասխանատվություն կրելու
Դաշնակցությունն արդեն ստորագրել է դրամի արժեզրկման հետ կապված ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին փաստաթղթի տակ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Իսկ ինչո՞ւ չպետք է համաձայնեինք: Բոլորին կարելի է, Դաշնակցությանը չէ, հա՞»,- հարցրեց նա:
Պատգամավորը նկատեց, սակայն, որ միայն նիստ հրավիրելով խնդիրը չի լուծվի, պետք է ելքեր որոնել: «Մենք ասել ենք՝ ավելի լավ է եկեք նիստը անենք: Ու թեև իշխանությունները կողմ են փակ նիստին, բայց մենք համաձայն ենք անգամ այդպիսի ֆորմատին»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ այսօր քննարկումը հույժ կարևոր ու անհրաժեշտ է:
«Բոլորիս համար էլ հասկանալի է, թե ինչ է կատարվում: Ես ողջունում եմ այդ համագործակցությունը, որը պետք է տեղի ունենա մեծամասնության հետ»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ է նշանակում իշխանությունների լռությունը, Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Ժողովուրդը ինքնուրույն պետք է վելուծի ամեն ինչ, եթե վերլուծի, լավ էլ կհասկանա: Լավ էլ հականում է, թե ինչ է կատարվում»,- ասաց նա` շարունակելով, որ այսօր բոլորն էլ լուծումների փնտրտուքի մեջ են: Ըստ պատգամավորի` իրավիճակը միայն ներազգային չէ: Նրա խոսքով` սա պայմանավորված է համաշախարհային իրավիճակով:
«Աշխարհաքաղաքական գործընթացների և դրանց պայքարի արդյունքն է այս ամենը: Գերտերությունների շահերի բախման հետևանք է, որը միայն Հայաստանում չէ: Մեր խնդիրն է իսկապես հասկանալ, թե ինչ է կատարվում հետևաբար առաջիկա արտահերթին հրավիրվել ենք բոլոր այն պաշտոնատար անձանց, ովքեր պարտավոր են լուծումեր գտնել: Այս քննարկումն իսկապես օգուտներ կտա»,- նկատեց պատգամավորը ` շարունակելով, որ ԱԺ պատգամավորներն էլ իրենց դիտարկումներով, իրենց մոտեցումներով կհուշեն իշխանություններին, որպեսզի նրանք ճիշտ որոշում կայացնեն:
Ա. Ռուստամյանի խոսքով` այս իրավիճակը պետք է համատեղ լուծում ստանա, քանի դեռ բոլորի համար այն գերխնդիր չի դարձել: «Եթե սա փլվեց, փլվելու է բոլորիս գլխին: Եթե Հայաստան դեֆոլտի մեջ հայտնիվի, ապա այդ ամենի համար մենք բոլորս ենք պատասխանատվություն կրելու: Սա մի բան է, որտեղ չեն կարող իշխանություն-ընդդիմություն հարաբերություններ լինել, դրանք միմյանցից տարանջատել: Եթե Աստված մի արասցե, Հայաստանը դեֆոլտի մեջ հայտնվի, այն հարվածելու է բոլորին, անկախ նրանից` ընդդիմություն ենք, թե իշխանություն»,- ասաց նա: