18/12/2014 15:10
Որևէ քննիչ չի ձերբակալվել. Քննիչը հրավիրվել է հարցաքննության
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանը Facebook-յան իր էջում գրել է.
«Պարզաբանում եմ, որ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության որևէ քննիչ չի ձերբակալվել։ Քրեական գործ է քննվում զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորներից մեկի քննիչի վերաբերյալ, ով այսօր առավոտյան հրավիրվել է հարցաքննության։ Քրեական գործի մասին տեղեկատվություն կարող է տրամադրել վարույթն իրականացնող մարմինը։ Միայն կարող եմ փաստել, որ խոսքը գնում է խարդախության մասին, ինչն ուղղակիորեն չի առնչվում նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ։
Քննչական կոմիտեն ծառայողներին խստագույն պահանջ է ներկայացրել վարքագծի կանոնների պահպանման, օրինականության սկզբունքների անշեղ կատարման վերաբերյալ։ Առավել ևս անընդունելի են հանցավոր դրսևորումները։ Լիահույս ենք, որ վարույթն իրականացնող մարմինը կապահովի քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումը և յուրաքանչյուրի գործողություններին կտա համարժեք գնահատական»։
Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկատվության համաձայն, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորներից մեկի քննիչ է ձերբակալվել, նա կասկածվում է խարդախության մեջ: