18/12/2014 13:26
Արցախում դատախազության 90-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին մասնակցել է հանրապետության դատախազության 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արցախի նախագահը շնորհավորել է դատախազության ողջ անձնակազմին հոբելյանի կապակցությամբ և համակարգի մի խումբ աշխատակիցների ու վետերանների հանձնել վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչման վկայականներ:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ դատախազությունը միշտ եղել է մեր երկրի կենսագործունեության առանցքային կառույցներից մեկը, և նրա անցած լուրջ ճանապարհն ու արժանի վաստակը դրա վկայությունն են:
Բ. Սահակյանն ընդգծել է, որ պետությունը կշարունակի ըստ ամենայնի աջակցել համակարգի գործունեության արդյունավետության շարունակական բարձրացմանը, նյութատեխնիկական բազայի արդիականացմանը, աշխատակիցների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավմանը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բացի այդ՝ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` օրինականության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամայիս Ավագյանին և փաստաբան Գարսևան Միքայելյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: