18/12/2014 17:15
Չհիմնավորված գները պետք է վերանայվեն
Կարճ ժամանակահատվածում գերարժեվորվելուց հետո դոլարը Հայաստանի արժութային շուկայում արագորեն կորցեց ավելորդ քաշը։ Եթե դեկտեմբերի 17-ին ամերիկյան արժույթի գինը հասնում էր ընդհուպ մինչև 600 դրամի, ապա այսօրվա երկրորդ կեսին փոխարժեքը վերադարձավ 450-500 դրամի տիրույթ։ Թեև շարունակում է պահպանվել առք ու վաճառքի բավական մեծ տարբերությունը։ Առանձին դեպքերում այն հասնում է մինչև անգամ 50-60 դրամի։
Վերջին շրջանի բուռն զարգացումներից հետո Հայաստանի արժութային շուկան անմիջապես արձագանքեց անցած օրվա իրադարձություններին։ Նախ հայտարարությամբ հանդես եկան կառավարությունն ու Կենտրոնական բանկը, իսկ Ազգային ժողովը արտահերթ նիստ հրավիրեց ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
Արժութային շուկայի այս արձագանքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ վերջին շրջանում այստեղ ձևավորված փոխարժեքները հիմնավորված չէին և պայմանավորված էին առաջին հերթին սպեկուլյատիվ գործոններով։ Սակայն իհարկե, դեռ վաղ է խոսել իրավիճակի կայունացման մասին։
Արժութային դաշտը ներկայումս չափազանց փխրուն է։ Ուստի շատ կարևոր է, որպեսզի առաջիկա օրերին պահպանվի ձևավորված միտումը։ Մի բան, ինչը հնարավորություն կտա հետագայում ավելի հեշտ կայունացնել իրավիճակը։ Այս փուլում ամենակարևորը թերևս դա է, որովհետև առանց լարվածության թուլացման և փոխարժեքների կայունության անհնարին է սպասել իրավիճակի քիչ, թե շատ հանդարտացում նաև տնտեսության մեջ, ֆինանսական ամբողջ համակարգում և ապրանքային շուկաներում։
Ինչպես հայտնի է, ամերիկյան արժույթի արժեվորման ազդեցությունը մեծապես արտահայտվեց հատկապես ապրանքային շուկաներում։ Առանձին դեպքերում արձանագրվեցին խելահեղ թանկացումներ։ Որոշ ապրանքներ ընդհանրապես անհետացան վաճառքից։ Մարդիկ սկսեցին խուճապահար գնումներ կատարել։ Պահանջարկի մեծացումը ավելացրեց ճնշումը գների վրա։
Իհարկե, պարզ է, որ այդ ամենը թելադրված էր իրավիճակային զարգացումներով։ Այնպես որ, այսօր ապրանքային շուկաներում հաստատված գները հեռու են իրականից և վերանայման կարիք ունեն։ Դոլարի էժանացումը ենթադրում է, որ գները պետք է իջնեն։ Չնայած դրա համար անհրաժեշտ է հետևողական մոտեցում։ Հատկապես որ, Հայաստանում ապրանքների գները չեն փայլում էլաստիկությամբ։ Առկա իրավիճակում շատ կարևոր է, որպեսզի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն աչալուրջ լինի գնային չարաշահումները կանխելու և իրավիճակը նորմալացնելու ուղղությամբ։
Պատահական չէ, որ այսօր կայացած կառավարության նիստում այդ խնդրին անդրադարձավ նաև վարչապետը։ Հ.Աբրահամյանը հանձնարարեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին ամենօրյա կտրվածքով տվյալներ ներկայացնել ապրանքների գների վերաբերյալ. «Երեկ շաքարավազի, ալյուրի և մի շարք այլ կարևոր ապրանքների գներում լուրջ բարձրացումներ են դիտարկվել։ Մեզ համար անընդունելի են գների չհիմնավորված բարձրացումները»։ Վարչապետը հորդորեց հանձնաժողովի նախագահին՝ չարաշահումներին մոտենալ ամենայն խստությամբ։
Ապրանքային շուկաներում ստեղծված գնային իրավիճակը իսկապես լուրջ վերահսկողության կարիք ունի։ Թեև միայն հանձնաժողովն ի վիճակի չի լինի դա անել։ Առավել ևս, որ վերջինս իրավասություններ չունի առանձին շուկաների նկատմամբ։ Խոսքն այս դեպքում մասնավորապես վերաբերում է գազի լիքավորման կայաններին, որոնք արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ բարձրացրել են գները՝ պատճառաբանելով դոլարի թանկացումը։