19/12/2014 14:10
Բակո Սահակյանի շնորհավորանքը՝ ԱԱԾ աշխատողի օրվա կապակցությամբ
Նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի նախագահը շնորհավորել է ծառայության անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ և զինվորական կոչում շնորհել ու արժեքավոր նվերներ հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցների:
Բակո Սահակյանն իր խոսքում կարևորել է գերատեսչության դերը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության պաշտպանության գործում՝ հավելելով, որ պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել համակարգի առջև ծառացած խնդիրների լուծումը:
Բացի այդ՝ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Ձեր ծառայությունը չափազանց կարևոր է մեր պետության ու ժողովրդի անվտանգության ապահովման տեսանկյունից: Սա բարդ ու դժվարին աշխատանք է, որի հաջող ու արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է քաղաքացիական պարտքի ու պատասխանատվության բարձր զգացում, մասնագիտական պատրաստվածություն, հայրենասիրություն ու անձնվիրություն:
Վստահ եմ, որ այսուհետ էլ համակարգի աշխատակիցները կանեն հնարավորն իրենց պարտականությունները պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Պետությունն էլ իր հերթին կշարունակի ուշադրության կենտրոնում պահել ձեր աշխատանքային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հետ կապված հարցերը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»: