19/12/2014 16:05
ԱՄՆ դեսպան. «Որոտանի» վաճառքի համաձայնագիրը կստորագրվի
«Եթե ու երբ վերջապես «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի վաճառքի համաձայնագիրը ստորագրվի, դա շատ մեծ առավելություն կտա Հայաստանին ու ԱՄՆ-ին: Ես կարծում եմ, որ այդ համաձայնագիրը կստորագրվի»,- իր պաշտոնավարումը ամփոփող ասուլիսում այսօր հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը:
«Սա իսկապես կարևոր ու ԱՄՆ ամենախոշոր ներդրումը կլինի Հայաստանում մինչ օրս, որը կօգնի դիվերսիֆիկացնել երկրի էներգետիկ հատվածը»,- հայտարարեց ամերիկացի պաշտոնյան` ընդգծելով, որ խոսքը 250 մլն դոլարի մասին է, որից 70 մլնը ուղղվելու է համալիրի վերազինմանն ու արդիականացմանը:
Ջ.Հեֆֆերնի խոսքով` այս գործարքը Հայաստանի համար կարևոր է նաև ռազմավարական տեսանկյունից.
«Կարծում եմ՝ համաձայնագիրը անպայման կստորագրվի»:
Հիշեցնենք, մեկ տարի առաջ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն էր տվել «Որոտանի» ՀԷԿ-երի համալիր ՊՓԲԸ-ն ամերիկյան «Contour Global» ընկերության դուստր ձեռնարկությանը վաճառելու գործարքին, ինչը ընդդիմության կողմից մինչ օրս էլ քննադատության է արժանանում: