19/12/2014 14:01
Արամ Մանուկյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նրա որդին՝ Արեն Մանուկյանն, ասաց, որ հայրը բուժումը շարունակում է տանը, իրեն ավելի լավ է զգում:
Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավորին ծեծել էին իր տան բակում: Նա ուներ ուղեղի ցնցում, սալջարդ:
Նշենք, որ Ա. Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնարարքի դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում քաղաքացի Ա. Սվազյանը դեկտեմբերի 14-ին ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել էին, որ Ա. Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության թիվ 2185/հ եզրակացությամբ լիարժեք գնահատական չի տրվել նրան պատճառված մարմնական վնասվածքների աստիճանին։ Ըստ եզրակացության՝ գլխուղեղի ցնցման ելքի ոչ պարզ լինելու հետ կապված առողջությանը պատճառած վնասի աստիճանը կորոշվի դեպքի օրվանից երեք շաբաթ հետո` 31.12.2014 թվականին, որի համար անհրաժեշտ է ապահովել փորձաքննվողի ներկայությունը ԴԲԳԳԿ ամբուլատոր քարտով:
Ա.Մանուկյանի ստացած մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը պարզելու համար բացատրություն է վերցվել դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած փորձագետից, ով հայտնել է, որ փորձաքննության պահին Ա.Մանուկյանի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը տատանվել է թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքների սահմաններում: Մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի դեպքի օրվանից 21 օր հետո։
Դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունն ստանալուց հետո, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ա.Սվազյանի գործողություններին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական։
Ա. Սվազյանը 2011 թ. հունվարին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է երեք տարի ազատազրկման՝ Դուբայ-Երևան չվերթով մաքսանենգ ճանապարհով 68.859.000 դրամ արժողության ադամանդյա քարեր ՀՀ ներմուծելու մեղադրանքով:
2011 թ. հուլիսին Վճռաբեկ դատարանը բավարարել է Ա. Սվազյանի բողոքը և Ա. Սվազյանի նկատմամբ կիրառելով «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ԱԺ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը՝ նրան ազատել ազատազրկման ձևով նշանակված պատժից` 3 տարի ազատազրկումից: