19/12/2014 13:28
Ո՞րն է ԱՄՆ հեռացող դեսպանի ամենամեծ հիասթափությունը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որում ամփոփեց իր պաշտոնավարման երեք տարիները: Հեռանալով Հայաստանից՝ նա նշեց, որ սա, թերևս, իր կյանքի ամենալավագույն աշխատանքն էր, որին թե ինքն է ջերմ վերաբերվել ու հաճույք ստացել Հայաստանում անցկացրած այս տարիներից, թե իր կինը, ինչի համար շնորհակալությունը հայտնեց հայ ժողովրդին այն ջերմության ու հյուրընկալության համար, որ հանդիպել է մեր երկրի ամեն անկյունում:
Սակայն հեռանալով՝ նա խոսեց նաև իր ամենամեծ հիասթափության մասին, այն է` հայ-թուրքական արձանագրությունները:
«ԱՄՆ-ն ողջունում է Սերժ Սարգսյանի այն խիզախ քայլը, քանի որ ԱՄՆ-ն ցանկանում է շարունակել խթանել հաշտեցումը Հայաստանի և Թուրքիայի միջև: Բայց Հայաստանում գտնվելու ընթացքում իմ ամենամեծ հուսախաբությունը հայ-թուրքական արձանագրությունների հարցի լճացումն էր»,- ասաց նա:
Ջ. Հեֆֆերնը հիշեցրեց, որ իր երկիրը կշարունակի խթանել արձանագրությունների ստորագրման գործընթացին, քանի որ դրա արդյունքում կբացվի սահմանը, և Հայաստանի ու Թուրքիայի միջև կձևավորվեն դիվանագիտական հարաբերությունները: Այս պահին առկա լճացումն ու առաջընթացի բացակայությունը ուղղակի իրեն հուսափաբ են անում: