20/12/2014 11:38
ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստանը տոնում է 20-ամյա հոբելյանը. Անցած ուղին ու ապագա ծրագրերը
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը մեծ շուքով տոնեց Հայաստանում իր գործունեության 20-ամյա հոբելյանը, որի կապակցությամբ տոնակատարությանը հրավիրվել էին բոլոր այն անհատներն ու կազմակերպությունները, առանց որոնց հետ համագործակցության «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը նման արդյունքներ չէր արձանագրի մեր երկրում: Իսկ արդյունքները իսկապես տպավորիչ են` հաշվի առնելով, որ թեև ընդամենը 20 տարի է անցել, բայց որքան դժվարին տարիներ էին դրանք նորանկախ հանրապետության համար:
Անցած քսան տարիները իսկապես նշանակալի էին Հայաստանի համար, քանի որ մի շարք ուղղություններով փայլուն արդյունքներ ենք արձանագրել: Այս մասին լրագրողներին ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը` ներկայացնելով այդ ձեռքբերումները.
«Իրականացված բարեփոխումները նպաստել են նրան, որ մի շարք ուղղություններով արձանագրել ենք բավականին լուրջ առաջընթաց: Այդպես, ունենք էական առաջխաղացում իմունիզացիայի ոլորտում, մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում մահացության դեպքերն են նվազել, ընդ որում Հայաստանի ցուցանիշը այս իմաստով ամենալավն է տարածաշրջանում, երկար տարիներ Հայաստանում չեն գրանցվել կարմրուկի և պոլիոմելիտի դեպքեր: Էական առաջընթաց ունենք նաև հանրակրթական ոլորտում` այսօր ավելի շատ երեխաներ են այցելում դպրոցներ, ընդ որում ` մեծ է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը նրանց շարքերում»,- թվարկեց ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Տիկին Արենսը վստահեցրեց, որ ծրագրերը շարունակական են լինելու, հատկապես, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մշտապես ստացել է ՀՀ կառավարության աջակցությունը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Հայաստանում իսկապես ահռելի գործողություններ է իրականացրել մի շարք ոլորտներում: Օրինակ, շարունակելով հանրակրթության թեման, որին անդրադարձավ նաև տիկին Արենսը նշենք, որ քսան տարիների ընթացքում կրթական ծրագրերը մշտապես եղել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուշադրության կենտրոնում, դրանք են.
Դպրոցից դուրս մնացած երեխաների հայտնաբերում ու վերադարձ հանրակրթական դպրոց: Այս կոնտեքստում ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեծ կարևորություն է տալիս նաև վաղ մանկության զարգացմանը՝ աջակցելով նախադպրոցական հաստատությունների մանկավարժների վերապատրաստմանը այն համայնքներում, ուր վերջերս Համաշխարհային Բանկի աջակցությամբ ստեղծվեցին մանկապարտեզներ:
Հատուկ կրթության ոլորտում կարիքների գնահատում: Այս ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է ՀՀ ԿԳՆ-ին հատուկ կրթության կարիքների գնահատման և անհատական կրթության պլանավորման գործընթացներում ներառելու համար՝ արտացոլելով այլ երկրներում հաջողված օրինակները: Միջազգային փորձագիտական խումբը , ի դեպ, արդեն իսկ աշխատում է տեղական փորձագետների խմբի հետ միասին՝ հատուկ կրթության կարիքների գնահատման և անհատական կրթության պլանավորման չափանիշները, ընթացակարգը, ինչպես նաև գործիքները վերանայելու համար:
Հաջորդ կարևոր ծրագիրը` Հատուկ դպրոցների վերակազմակերպումն է: Ըստ այդմ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը արդեն իսկ սկսել է աշխատել Սյունիքի մարզում երկու հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցների վերակազմակերպման ուղղությամբ՝ միջազգային և տեղական փորձագետների ներգրավմամբ: Հիշեցնենք, որ Հատուկ դպրոցների վերակազմակերպումը ԿԳՆ-ի օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է` նախատեսվում է Հատուկ գիշերօթիկ դպրոցներից առնվազն կեսի վերակազմակերպումը գնահատման և աջակցության ռեսուրսային կենտրոնների, որոնք կաջակցեն իրենց աշխարհագրական տարածքներում գտնվող ներառական դպրոցներին:
Եվս մեկ կարևոր ծրագիր` Վաղ մանկության զարգացում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աջակցել գյուղական համայնքներում նորաստեղծ նախադպրոցական հաստատությունների համար ուսուցիչների կարողությունների զարգացմանը: Ծրագիրը շեշտը դնում է ուսուցման այն մեթոդաբանությունների վրա, որոնք երեխային բարեկամ ու երեխայակենտրոն են, ներառական, գենդերային տեսանկյունից արձագանքող և ներառում են ծնողներին, մասնավորապես հայրերին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցել է ներառական կրթության վերաբերյալ մոդել մշակելու և ուսուցիչների վերապատրաստման փաթեթում այն ներառելու գործում:
Ոչ միայն այս, այլև մյուս ոլորտներում իրականացվող բոլոր ծրագրերը ևս շարունակական են լինելու: Aysor.am-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ գալիք 2015թ-ին նախարարությունը կշարունակի իր համագործակցությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ հատկապես ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ, մասնավորապես ավարտին կհասցվի կարիքների ամբողջական գույքագրումը, որն իր մեջ կներառի թե երեխաների, թե հաստատությունների.
«Մենք նաև ձևավորում ենք ներկայումս այն մոդելը, որը թույլ կտա զարգացնել այլընտրանքային ծառայությունները, որոնք հաջողությամբ կփոխարինեն ներկայումս գրծող ինստիտուցիոնալ կառույցներին, ինչն իսկապես անչափ կարևոր է»,- նշեց նախարարը: Առաջին հերթին, շարունակեց նա, խոսքը ցերեկային կենտրոնների մասին է, որոնք միտված են օգնելու ընտանիքներին ու կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին և այս կոնտեքստում ահռելի սոցիալական աշխատանք է տարվում: Ուշադրության կենտրոնում է որդեգրման համակարգը և խնամատար ընտանիք ինստիտուտի ամրապնդումն ու զարգացումը,որը, խոստովանեց, թեև երկար ժամանակ է մեր հանրապետությունում սկսել է գործել, բայց զարգացման հաջորդ փուլին կարծես չի հասել.
«Այդ իմաստով 2015թ-ին մենք կունենանք հստակ չափորոշիչներ, ինչը նաև թույլ կտա հանրությանը տեղյակ լինելու, թե ինչպիսի չափորոշիչներ կամ պահանջներ կան որպես այդպիսի ընտանիքներ հանդես գալու համար: Ամենակարևորը` այսօրվա ֆորմալ մոտեցումից պետք է անցում կատարենք ավելի գանահատված կարիքներին, որը հնարավորություն կտա անգամ ամենաչնչին տարբերակի դեպքում էլ երեխային պահել ընտանիքում` դա կլինի կենսաբանական թե խնամատար ընտանիք»,- շեշտեց նախարար Ասատրյանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի 20-ամյա հոբելյանից բացի նախօրեին նշվում էր ևս մեկ կարևոր իրադարձություն` ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի 25-ամյակը, որը մինչ օրս համարվում է աշխարհում ամենից շատ վավերացված փաստաթղթերից մեկը: Այս երկու հոբելյանների կոնտեքստում ներկայացվեց պատմության մեջ թերևս ամենահայտնի երգերից մեկի` Ջոն Լենոնի «IMAGINE»-ի հիման վրա մեկնարկած նոր նախաձեռնությունը, որի նպատակն է ամբողջ աշխարհում ուշադրություն սևեռել երեխայի իրավունքների պաշտպանությանը և բարձրացնելու հանրության իրազեկումը երեխայի իրավունքների վերաբերյալ: «IMAGINE»-ն արդեն աշխարհում ամենաշատ մասնակից ունեցող երաժշտական ձայնագրությունն է, որին միացավ նաև Հայաստանը: Իսկ երգի այսպես կոչված համաշխարհային տարբերակը, որը հեղինակելու է հայտնի դիջեյ Դավիդ Գետան, կթողարկվի ամանորի նախաշեմին։