22/12/2014 19:26
Նախագահի անունից տոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց, 2015 թվականին մաղթել հաջողություններ տնտեսական գործունեության մեջ և անձնական կյանքում, ընդգծելով, որ գործարարների ձեռքբերումներն ու հաջողությունները, հասկանալիորեն, լինելու են ոչ միայն նրանց անձնական կամ կորպորատիվ հաջողությունները, այլև՝ մեր երկրի և տնտեսությ ան: Հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների բարեկեցության աստիճանը, ըստ Նախագահի, պայմանավորված է լինելու նաև գործարար համայնքի գործունեությամբ ու ձեռքբերումներով:
Հանրապետության Նախագահն իր խոսքում անդրադարձել է դժվարություններով լի 2014 թվականին, նշելով, որ օբյեկտիվ պատճառներ ունեցող այդ դժվարությունների և անորոշությունների մի մասն ամենայն հավանականությամբ կարող է շարունակվել նաև գալիք տարում՝ մեզնից անկախ պատճառներով, սակայն ինչ կախված է Հայաստանի իշխանու-թյուններից և գործարարներից, Նախագահի համոզմամբ, պետք է անել համատեղ, եռանդով և որքան հնարավոր է՝ անթերի: «Աշխարհի յուրաքանչյուր պետությունում, յուրաքանչյուր տնտեսությունում, նույնիսկ ամենահզոր տնտեսություններում, ինչպիսիք Միացյալ Նահանգների տնտեսությունն է, Եվրամիության միասնական տնտեսությունն է, միշտ էլ հնարավոր են բարդություններ, դժվարություններ: Մեր երկրների պես երկրներում այդ բարդություններն ու դժվարություններն առավել ևս ավելի հաճախ կարող են լինել: Այստեղ չափազանց կարևոր է, որ այդ դժվարությունների, բարդությունների պահերին մենք անմիջապես չսկսենք մեղավորներ փնտրել, անմիջապես չսկսենք պատասխանատուներ ման գալ, և եթե իրավիճակը մի քիչ կայունանում է, անմիջապես չփորձենք դափնիները մեր ուսերին քաշել: Այսպիսի իրավիճակներում ամենակարևորն այն է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը խուճապի չմատնվի և կատարի իր պարտականությունները: Այդ ժամանակ այդպիսի դժվարություններն ու բարդություններն ավելի հեշտ են հաղթահարվում»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահն անդրադաձել է նաև անցնող տարվա տնտեսական իրողություններին. «Այնուամենայնիվ պետք է հատուկ շեշտեմ, որ իմ տպավորությամբ, Հայաստանի բիզնես հանրությունը 2014 թվականին վատ չի աշխատել և հիմնական մասով հաղթահարել է առկա դժվարությունները: Նկատի ունենալով այն համատեքստը, որտեղ աշխատել եք դուք՝ հարգելի՛ գործարարներ, նկատի ունենալով տնտեսական իրավիճակն աշխարհում, այդ թվում՝ Եվրո-պայում, Ռուսաստանում և մեր տարածաշրջանում, տարին պետք է համարել արդյունավետ»,-նշել է Սերժ Սարգսյանը:
Ինտեգրացիոն նոր գործընթացների համատեքստում Հանրապետության Նախագահը խոսել է նաև Հայաստանի տնտեսության հեռանկարի մասին. «Նոր տարին իր հետ բերում է նոր հնարավորություններ, որոնք կապված են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու իրողության հետ: Բայց նաև գիտենք, որ նոր հնարավորությունները նաև նոր մարտահրավերներ են: Չեմ կասկածում, որ մեր ձեռներեցները մրցունակ են, իրենց լուրջ ասելիքն ունեն և այդ ասելիքն ասելու են նաև նոր տնտեսական միության ներսում: Դուք կարող եք դա ասել ձեր գործերով, արդյունավետ աշխատանքով և նոր գաղափարներով», - ասել է Հանրապետության Նախագահը՝ ընդգծելով, թե հավատում է, որ մյուս տարի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ նման տոնական սեղանների շուրջ հավաքի ժամանակ նախանշված ծրագրերի մի զգալի մասն արդեն իրականություն է լինելու. «Ցանկանում եմ, որպեսզի այդ իրականացված երազանքները բարօրություն բերեն մեր ժողովրդին ու պետությանը»,-շնորհավորական խոսքի ավարտին ասել է ՀՀ Նախագահը: