23/12/2014 13:56
Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում կներկայացնի Հայաստանը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի շահերը կներկայացնի հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը` իրավաբան Ամալ Ռամզի Ալամուդին-Քլունին: Այս մասին «The Armenian Weekly»-ում գրել է Հարութ Սասունյանը: Ա. Քլունին եղել է Ջուլիան Ասանժի ու Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի փաստաբանը:
Քլունին 2015 թ. հունվարի 28-ին Ստրասբուգում հայկական պատվիրակության կազմում էր «Փերինչեք v. Շվեյցարիա» գործի շրջանակում: Ամալ Քլունիից բացի հայաստանյան պատվիրակության կազմում են լինելու ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և Էմիլ Բաբայանը:
Հիշեցնենք, որ 2007թ. մարտին թուրք Դողու Փերինչեքը դարձավ առաջին մարդը, ով Շվեյցարիայում դատապարտվեց Ցեղասպանության մերժման համար: 2005թ. տարբեր համաժողովների ընթացքում նա Հայոց ցեղասպանությունն անվանում էր «միջազգային սուտ», ինչի համար էլ «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի տվեց:
2007թ. մարտին Շվեյցարիայի շրջանային դատարանը նրան մեղավոր ճանաչեց օրենսդրությունը խախտելու մեջ և նշանակեց 12 000 շվեյցարական ֆրանկ տուգանք: Այդ որոշումը հաստատեց նաև Շվեյցարիայի Դաշնային Գերագույն դատարանը: 2013 թ. դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ի 7 դատավորներից 5-ը վճռեցին, որ արդարացված չէր քրեական դատապարտումը 1915թ. և դրանից հետո հայ ժողովրդի դեմ կատարված վայրագությունների մերժման համար, իսկ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ արտահայտվելու իրավունքը: Սա անընդունելի է այն տեսանկյունից, որ երկակի ստանդարտների կիրառման դեպք է, երբ դատարանը Հոլոքոստի ժխտումը հանցագործություն է որակում, իսկ Հայոց ցեղասպանությանը` ոչ:
2014 թ. մարտի 17-ին Շվեյցարիայի իշխանությունները որոշեցին բողոքարկել դեկտեմբերի 17-ի որոշումը: