25/12/2014 14:20
Վարդան Այվազյան. Հայաստանն առաջնորդվում է «և-և»-ի սկզբունքով
Հայաստանը, փաստացի, իրագործում է «և՛-և՛»-ի սկզբունքը՝ Վրաստանի հետ ստորագրելով Ազատ առևտրի համաձայնագիրը, որն ապրանքների փոխադարձ ճանաչում և զրոյական մաքսատուրքեր է ակնկալում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Դա այն է, ինչի մասին մենք խոսում ենք... ու ներքուստ ձգտում ենք այս երկու համակարգերի համագործակցությանը՝ ստեղծելով կայուն մեխանիզմներ»,- ասաց պատգամավորը:
Վ. Այվազյանի համոզմամբ՝ պետք է ստեղծել լավագույն տնտեսական մոդելը, որը կնպաստի ԵՄ և ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման և փոխհամագործակցության ուղղությամբ:
Անդրադառնալով դրամ-դոլարային ճգնաժամին՝ պատգամավորը նկատեց, որ իրավիճակը վատացել է ոչ միայն Հայաստանում, այլև այն ընդհանուր բնույթ է կրում.
«Համաշխարհային տնտեսական իրավիճակը լավ չէ»,- հավելեց պատգամավորը՝ ընդգծելով, որ հենց այդ վիճակն էլ ազդում է Հայաստանի վրա: