26/12/2014 20:18
Հայաստանն ունի բավականաչափ պահուստներ. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է Կենտրոնական բանկի և բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին, մաղթել առողջություն, հաջողություններ, երջանկություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նախագահ Սարգսյանը իր շնորհավորական խոսքում անդրադարձել է նաև արժութային շուկայում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին, տնտեսության վրա դրանց ազդեցությանը, այդ ընթացքում հաջողությամբ ձեռնարկված միջոցառումներին և առաջիկա ծրագրերին:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի բավականաչափ պահուստներ, կամք և ցանկություն, որպեսզի երկրում ֆինանսական անկայունություն չլինի: Հանրապետության Նախագահը կարևորել է դժվարին իրավիճակներում միասնական ուժերով առկա մարտահրավերներին դիմակայելը՝ հիշեցնելով նախորդ ճգնաժամի ժամանակ ՀՀ բանկային համակարգի արդյունավետ և հաջող գործունեությունը, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակ մի շարք այլ երկրների բանկային համակարգերում մեծ խնդիրներ առաջացան:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր կան բոլոր հնարավորությունները՝ առկա խնդիրները լուծելու և ֆինանսական կայունությունը պահպանելու համար: