26/12/2014 14:13
Դիտորդական խումբ. Արդարադատության նախարարությունն սկսել է ավելի թափանցիկ աշխատել
ՀՀ արդարադատության նախարարությունն սկսել է ավելի թափանցիկ աշխատել և 2014 թ. երկրորդ կեսից Արդարադատության նախարարության աշխատանքներում զգալի փոփոխություններ են նկատելի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ դատապարտյալները հիմնականում բարձրաձայնում են ՔԿՀ–ների գերծանրաբեռնվածության, բուժծառայության, վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրների մասին:
Խմբի դիտորդ Հասմիկ Հարությունյանն էլ իր հերթին ասաց, որ իրենք առաջարկներ են ներկայացրել նախարարությանը, իսկ անկախ հանձնաժողովը հիմնականում մերժում է վաղաժամկետ ազատման միջնորդությունները, և բավարարվող դիմումների թիվը նվազել է:
Խմբի մեկ այլ դիտորդ Արայիկ Զայլյանի խոսքով՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում բժիշկ չկա այն պատճառաբանությամբ, որ այնտեղ որևէ բժիշկ չի ցանկանում աշխատել:
Հասարակական դիտորդական խմբի դիտորդ Նարե Մեսրոպյանն էլ ասաց, որ ՔԿՀ-ներում խնդիր է նաև բժիշկների վերապատրաստման հարցը, կա նաև հոգեբույժների կարիք, ինչպես նաև բժշկական տեխնիկայի պակաս: