26/12/2014 12:05
Նախարար. Տնտեսության բոլոր ճյուղերն աճել են, բացի շինարարությունից
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ամփոփեց տարին: Նախարարը նախ և առաջ անդրադարձավ ՀՆԱ-ի ցուցանիշներին, նշեց, որ 2014 թվականի 9 ամսվա տվյալներով, ՀՆԱ աճը կազմել է 3.9%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.8%-ի համեմատ:
Նախարարն ասաց նաև, որ 2014թ-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2.3%-ից բարձրացել է մինչև 4.3% հունվար-սեպտեմբերին և հունվար-նոյեմբերին կազմել 3.8%` արդյունքում գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
«Հունվար-նոյեմբերին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացի շինարարությունից, միայն շինարարության ծավալը նվազել է 5.4 %-ով»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:
«Վերջին վեց ամիսներին արդյունաբերության ծավալները փոքր, բայց աճում են»,- հաղորդեց նախարարը:
Արդյունաբերության ծավալն աճել 2.6%-ով (1160.5 մլրդ դրամ), ծառայությունները` 7.1%-ով (987.4 մլրդ դրամ), գյուղատնտեսությունը` 6.5%-ով (920.7 մլրդ դրամ), առևտրի շրջանառության ծավալը` 4.2%-ով (2076.5 մլրդ դրամ):
Արդյունաբերության աճին հատկապես նպաստել են հիմնային մետաղների, սննդամթերքի, ծխախոտային արտադրատեսակների, ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների, թղթի և թղթե արտադրատեսակների արտադրությունը: