27/12/2014 12:48
Փաստաբան. Ձերբակալված դատավորը դեռևս ցուցմունք չի տվել
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել և խոսել մեղադրանքի վերաբերյալ անհիմն է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խ. Խաչատրյանի փաստաբան Կարեն Թումանյանը:
Դիտարկմանը, որ արդեն ԱԱԾ պաշտոնական կայքում տեղադրվել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են գումար գտնում Խ. Խաչատրյանի աշխատասենյակում և ձերբակալում դատավորին, նա պատասխանեց, որ տեսանյութում որևէ ապացույց չկա կաշառք վերցնելու վերաբերյալ:
Նրա խոսքով՝ դատավորը դեռևս նպատակահարմար չի գտել ցուցմունք տալ: Իր հետագա քայլերի հետ կապված էլ փաստաբանը նշեց, որ նպատակահարմար չի գտնում խոսել, սակայն ըստ օրենքի՝ գլխավոր դատախազն անձամբ Արդարադատության խորհրդում պետք է ներկայացնի դատավորին մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ բոլոր փաստարկները, իսկ որոշում կայացնողը, օրենքով սահմանված կարգով, ՀՀ նախագահն է:
Կ. Թումանյանն ասաց, որ իրեն որևէ բան հայտնի չէ՝ արդյոք ԱԽ-ն որևէ որոշում կայացրել է, թե ոչ: