13/01/2015 09:23
Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀԱԿ-ը չեն մասնակցի Ծառուկյանի հրավիրված խորհրդաժողովին
«Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովին «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա վստահեցմամբ, ժողովին մասնակցելու են ինքն ու Ռուբիկ Հակոբյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ ասաց. «Երևի, պարոն Հովհաննիսյանը չմասնակցի»:
Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ի՞նչ վերջնական արձագանքներ են ստացել եռյակի մաս կազմող ուժերից՝ ՀԱԿ-ից ու «Ժառանգությունից», պատասխանել է. «Դեռ դեկտեմբերի 25-ին ՀԱԿ-ը հայտարարել էր, որ տարբեր ձևաչափերում է համագործակցում ԲՀԿ-ի հետ, կոնկրետ այս նախաձեռնության շրջանակներում իրենց մասնակցությունը չի լինելու: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», վերջինս մասնակցելու է ու ներկայացուցիչներ լինելու են, բայց անկեղծ ասած, տեղյակ չեմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի՞, թե ոչ»:
Նա նաև տեղեկացրել է, որ խորհրդաժողովը կայանալու է Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում: