13/01/2015 09:07
Լևոն Տեր-Պետրոսյանի մեծագույն սխալներից մեկը 2007-ին քաղաքականություն վերադառնալն էր. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ անդրադարձել է նրա գործունեությանն ու գրել. «Տեր-Պետրոսյանը գործել է բազմաթիվ սխալներ, ինչպես և աշխարհի բոլոր նախագահները և ընդհանրապես՝ բոլոր մահկանացուներս: Նրա ամենախոշոր սխալներից էին, իմ կարծիքով, 1996-ին երկրորդ անգամ նախագահի պաշտոնին առաջադրվելը և 2007-ի սեպտեմբերին քաղաքականություն վերադառնալը: Երկու սխալներն էլ նա գործել է բացարձակապես որևէ անձնական շահ չհետապնդելով և ղեկավարվելով միայն իր մտահոգություններով և երկրի առաջ ծառացած խնդիրների մասին իր պատկերացումներով:
Բայց փաստը մնում է փաստ՝ այսօր Տեր-Պետրոսյանը «շարքային ընդդիմադիր» է, գործում է ավելին քան 20 տարվա ընթացքում ձևավորված «ընդդիմադիր պայքարի» ավանդույթների ոգով: Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում նախկին նախագահը և հատկապես առաջին նախագահը չպիտի մասնակցեն առօրյա քաղաքականությանը՝ դա «թեթևացնում է» նախագահի ինստիտուտի կշիռը:
Բայց պատմական առումով դրանք, իհարկե, մանրուքներ են, որոնք շատ արագ կմոռացվեն: Ամերիկացիներին այսօր շատ քիչ է հետաքրքրում, թե ինչ էին հրաժարականից հետո անում Ջորջ Վաշինգտոնը կամ Թոմաս Ջեֆերսոնը: 3-4 տասնամյակ հետո Տեր-Պետրոսյանի անունով կոչվելու են փողոցներ, հրապարակներ, դպրոցներ, ինչին Հայաստանի Երկրորդ հանրապետության Առաջին նախագահը միանգամայն արժանի է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: