13/01/2015 14:32
Հակառակորդի կողմից Ոսկևան գյուղի բնակչի սպանության դեպքով հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական մոլեռանդության շարժառթիով Տավուշի մարզի Ոսկևան գյուղի բնակիչ, 1935թ. ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
2015թ. հունվարի 11-ին՝ ժամը 19:20-ին, հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել:
Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանմների կողմից կանխվել է և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացվել։
Տեղանքի հետազոտման ժամանակ «Մաների ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է Տավուշի մարզի Ոսկևան գյուղի բնակիչ, հովիվ, 18.11.1935թ. ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանի դիակը` աջ քունքային շրջանում պատճառված հրազենային վնասվածքով: Սերյոժա Սարգսյանի դիակի հայտնաբերման վայրից քիչ հեռու սկսվում է հակառակորդի կողմից դիտարկվող և գնդակոծվող տեղանքը։
Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 13-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դիակի արտաքին զննությամբ աջ հոնքի դրսային եզրի մոտ հայտնաբերվել է 0,7-0,8 սմ տրամագծով հրազենային մուտքի անցքի վերք, նույն կողմի ծոծրակային շրջանում` դեպի դուրս ուղղված եզրերով, 10X10 սմ չափսերով ելքի անցքի վերք, նշված շրջանում գանգաթաղի շրջանի ոսկրերը բազմաբեկորային կոտրված են:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: