13/01/2015 19:02
Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում «Հովեր» երգչախումբը համերգներով հանդես կգա Ֆրանսիայում, Տալլինում և Սանկտ Պետերբուրգում
«Հովեր» պետական կամերային երգչախմբի նոր «23 խմբերգ» ձայնասկավառակը մեկտեղում է Կոմիտասի, Սյունիի, Սայաթ-Նովայի և ժամանակակից քսան հայ կոմպոզիտորների ոսկեհյուս խմբերգային ստեղծագործությունները: Այս մասին հայտնում են երգչախմբի լրատվական բաժնից:
2015 թվականի «Հովերի» համերգային շրջագայությունների մեկնարկը հունվարի 22-ից փետրվարի 5-ը կայանալիք շրջագայությունն է, ուր «Հովեր-անսամբլը» մենահամերգներով հանդես կգա Ֆրանսիայում, Տալլինում և Սանկտ Պետերբուրգում: Համերգները կկայանան հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում:
Երգչախումբը հանդես է եկել խմբերգային ներկայացումներով, մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային, կամերային ժանրերի ավանդական և փորձարարական նախագծերով: Երգչախմբի ծրագիրը բազմազան է և բազմաբնույթ: «Հովերը» հանդիսանում է հայ կոմպոզիտորների մի շարք գործերի ստեղծման նախաձեռնողն ու առաջին կատարողը (հեղինակներ՝ Վ. Շարաֆյան, Ա. Ավանեսով, Ա. Ազիզյան. Ս. Երկանյան, Ե. Երկանյան, Ս. Բաբաթորոսյան):
Երգչախումբը ձայնագրել է 6 ձայնասկավառակ: Մասնակցել է գեղարվեստական ֆիլմերի երաժշտական ձևավորումներին. « Արարատ» (ռեժ. Ա. Էգոյան), «Արտույտների ագարակը» (ռեժ. Տավիանի եղբայրներ), «Նամուս» (ARTE ստուդիայի վերականգնված տարբերակ ) և այլն:
Երգչախումբը համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Լեհաստանում, Թայվանում և Բելգիայում: Մասնակցել է մի շարք մրցույթ-փառատոների:
Ս. Գուբայդուլինայի, Ռ. Շչեդրինի, Ք. Պենդերեցկու, Գ. Կանչելիի և մի շարք այլ մեծանուն ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների «Հովերի» կատարումները արժանացել են բարձր գնահատականների:
«Հովեր» կամերային երգչախումբը հանդես է եկել մեծանուն երաժիշտների հետ (Գ. Կրեմեր, Ա. Մուստոնեն, Ռ. Շերվինիկաս, Դ. Գերինգաս, Ջ.Նելսոն, Մ. Կլաուզա և այլոք):