13/01/2015 14:44
Վալերի Պերմյակովը հայտնել է, որ սահման հատելու ցանկություն չի ունեցել. Հ. Պողոսյան
Ճիշտ և տրամաբանական կլինի, որ հայկական կողմը վարի նախաքննությունը, ձերբակալվածը հանձնվի հայկական կողմին, դրան հակված են նաև բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ Վ. Պերմյակովի գործը երկու երկրների համագործակցության դասական օրինակ է, երբ մի շարք մարմինների համակարգված աշխատանքի շնորհիվ հայտնաբերվում է կասկածյալը:
«Ձերբակալվածը լքել է մարտական դիրքը զենքով՝ ինքնաձիգով և մարտական փամփուշտներով լիցքավորված երկու փամփշտակալով: Պերմյակովը պատմել է, որ դուրս է եկել քաղաք զբոսնելու, մտել է այդ տուն, որտեղ էլ տեղի է ունեցել կատարվածը, որ ինքը սահմանն անցնելու ցանկություն չի ունեցել, ճանապարհին մի քանի տեղ թաքնվել է և, նկատվելով սահմանապահների կողմից, ձերբակալվել»,-ասաց Հ. Պողոսյանը:
Նրա խոսքով՝ այժմ ուսումնասիրվում է նրա անցյալը, սակայն այս պահին էլ պարզ է, որ կրթական մակարդակը ցածր է: Վ. Պերմյակովը տվել է առաջին ցուցմունքը և խոստովանել հանցանքը:
Հ. Պողոսյանը նաև ասաց, որ, նախնական տեղեկությունների համաձայն, Պերմյակովը գործել է միայնակ։