14/01/2015 09:52
Ալրաղացի Լյովիկին պատկանող խաղատունը ավելի քան մեկ ամիս է՝ չի գործում
«Հայկական ժամանակը» գրում է. «Սևան քաղաքի մերձակայքում տեղակայված «Ախթամար» հյուրանոցում գտնվող «Գոլդեն Պալաս» խաղատունը ավելի քան մեկ ամիս է, ինչ գրեթե չի գործում: Աշխատում են միայն խաղատան ավտոմատները, իսկ «Ժիվոյ» մասը չի գործում:
Հայտնի Ալրաղացի Լյովիկին պատկանող այս կազինոյի ըստ էության փակումը հետաքրքիր պատճառ ունի: Անցած տարվա դեկտեմբերի սկզբին արաբական երկրներից մի մեծահարուստ իր հարեմի հետ եկել էր Հայաստան և որոշել էր ժամանակ անցկացնել վերը նշված կազինոյում: Մի որոշ ժամանակ խաղալուց և բավական մեծ գումար տանուլ տալուց հետո մեծահարուստը առաջարկել է կազինոյին խաղալ խոշոր խաղադրույքներով: Կազինոն համաձայնել է, ու արաբ մեծահարուստի բախտը բերել է. նա շատ խոշոր գումար է շահել կազինոյից, ըստ որոշ տեղեկությունների, մի քանի միլիոն դոլար: Կազինոն վճարել է շահույթը, բայց դրա արդյունքում հայտնվել է սնանկացման եզրին և ըստ էության դադարեցրել գործունեությունը:
Երեկ մեր թղթակիցը զանգահարել է խաղատան հեռախոսահամարով, բայց այն անջատված էր, իսկ հյուրանոցի աշխատակիցը, մեր թղթակցի հարցին ի պատասխան, հաստատել է, որ աշխատում են միայն կազինոյի խաղային ավտոմատները»: