14/01/2015 18:20
Շիրակի դատախազ. Դատախազը հայտնել է ռուսական կողմի դիրքորոշումը, որի հետ կապված մենք դժգոհություններ ունենք
Հայաստանի իրավապահ մարմիններին Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնելու հարցը չի վերացել, Դատախազը հայտնել է ռուսական կողմի դիրքորոշումը, որի հետ կապված մենք որոշակի դժգոհություն ունենք: Այս մասին Գյումրիում ռուսական ռազմաբազայի մոտ քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցներին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Նշենք, որ բողոքի երթի մասնակիցներն այս պահին մոտեցել են քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային: Երթի մասնակիցների շարժը կանգնեցնելու համար ոտսիկանությունը պատ էր կազմել:
Ր. Ասլանյանի խոսքով՝ քրեական գործը չի գտնվում ՀՀ դատախազության իրավասության տիրույթում, սակայն դատախազությունը հսկողություն է իրականացնում այդ գործի նկատմամբ:
Ր. Ասլանյանի խոսքերը հավաքվածների մոտ բուռն դժգոհության ալիք բարձրացրին, նրանք պահանջում են երաշխիքների փոխարեն հանձնել Վ. Պերմյակովին, այլապես հրաժարական տալ:
«Որպես մարզի դատախազ՝ ես իմ պարտքն եմ համարում, որ գնամ Երևան, քրգործից տեղեկություններ իմանամ, որ գյումրեցներին հաղորդեմ: Քրեական գործը ՌԴ իրավապահ մարմինների հսկողության տակ է, նախաքննությունը շարունակվում է: Նրան արդեն որպես մեղադրյալ են ներգրավել, սա նշանակում է, որ մենք իրականացնում ենք մեր նախաքննությունը: Հասկանում եմ, որ զգացմունքներից զերծ չենք կարող մնալ, մենք էլ երեխա ունենք, սա մի ընտանիքի ողբերգություն չէ, այլ մի ողջ ազգի»,-ասաց նա:
Ր. Ասլանյանի խոսքով՝ բողոքի ակցիա կարող են անել նաև վաղը, մյուս օրն էլ, իսկ այժմ պետք է սպասել 2-3 օր, սակայն նրա խոսքը ընդհատվեց սուլոցներով:
Ր. Ասլանյանը կոչ արեց 20 հոգանոց խմբով գնալ դատախազության, ոստիկանության շենքի մոտ, իսկ ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ բոողքի ակցիա անելը, նրա խոսքով, անիմաստ է:
Այժմ ակցիայի մասնակիցները «Հիմա-հիմա» բացականչություններով պահանջում են, որ Ր. Ասլանյանը ՀՀ գլխավոր դատախազին հայտնի իրենց պահանջը՝ Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հայտնելու վերաբերյալ: