14/01/2015 13:04
Փաստաբան. Ի՞նչ իրավազորություն ունի անկախ Հայաստանի տարածքում ՌԴ սահմանադրությունը
Ի՞նչ կապ և ի՞նչ իրավազորություն ունի անկախ ու ինքնիշխան Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանադրությունն ու նրա 61-րդ հոդվածը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած հանցագործությանը:
«Հայաստանի քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով»,-ասաց նա՝ նշելով, որ իր համար անհասկանալի է ՀՀ դատախազության հաղորդագրությունը, որ կասկածյալը չի կարող հանձնվել Հայաստանին՝ ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածով:
Փաստաբանը նշեց, որ 1995-1997 թթ. ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի և դրա գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրի համաձայն` ռուսական բազայի կազմում ընդգրկված անձանց կողմից Հայաստանի տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը՝ Հայաստանի օրենսդրության կիրառմամբ:
«Ո՞ր իրավական հիմքով էին ռուսական ռազմաբազայի զինծառայողները մինչև ատամները զինված շրջում Հայաստանի տարածք հանդիսացող Գյումրում ու որոնում հանցագործություն կատարած անձին, ո՞ր իրավական հիմքով է հայտնաբերվելուց հետո կասկածյալը տեղափոխվել ռուսական ռազմաբազա»,-ասաց նա:
Ն. Նորիկյանի խոսքով՝ ըստ երևույթին, Ռուսաստանը անակնկալ է մատուցել, քանի որ մինչև այդ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պնդում էր, որ գործը ՀՀ իրավապահներն են քննելու:
Փաստաբանի մոտ կասկած է առաջացրել նաև այն, որ կասկածյալին ձերբակալել են ռուս սահմանապահները և նա չի բացառում, որ Վ. Պերմյակովը մենակ չի գործել: