14/01/2015 16:31
Որոշում է կայացվել Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին
Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում կատարված սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում օրենքով սահմանված կարգով շարունակվում է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է հանցագործության հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովմանը, ինչպես նաև հնարավոր բոլոր վարկածների ստուգմանն ուղղված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ: Միջոցներ են ձեռնարկվում պարզելու նաև առերևույթ հանցանքը կատարելուց հետո ՌԴ զինծառայողի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, ինչպես նաև բռնվելու հանգամանքները:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ- որոնողական միջոցառումներ դեպքի մասին տեղեկություններ ունեցող անձանց հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ:
Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել վերջինիս ՀՀ քր. օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: