15/01/2015 10:55
Կոստանյան. Եթե զինվորական հանցագործություն է, այն ենթակա է ռուսական օրենսդրությանը
ՀՀ-ը ձեռնարկել և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ՀՀ օրենսդրության և միջազգային իրավունքով պայմանավորված եղանակներով, որպեսզի մենք ունենանք քրեական պատասխանատվությունը մեղավորի, մեղավորների, ցանկացած այն անձի, որ առնչություն է ունեցել այս ողբերգության-հանցագործությանը: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով՝ շատ լավ է, որ հասարակությունը ծանոթանում է միջպետական պայմանագրերին, բայց պետք է հստակ գիտակցել դրանում առկա դրույթները: Մեջբերելով խնդրահարույց դարձած ՌԴ և ՀՀ միջպետական պայմանագիրը՝ Գ. Կոստանյանը ասաց.
«Ըստ պայմանագրի` հանցագործություններն ու իրավախախտումները, որոնք կատարվել են ՀՀ տարածքում այն անձանց կողմից, որոնք գտնվում են ռազմաբազայի ենթակայության ներքո, իրականացվում են ՀՀ օրենքով: Սակայն հաջորդ հոդվածը սահմանում է մի շարք բացառություններ, այդ թվում և այն դեպքում, երբ կատարվել է զինվորական հանցագործություն»:
Գլխավոր դատախազը պարզաբանեց.
«Այսինքն, եթե զինվորական հանցագործությունները կատարվել են բազայի տարածքում կամ դրա տարածքից դուրս, ապա դրանք ենթակա են ռուսական օրենսդրությանը»:
Նկատի ունենալով, որ հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում և փաստի կապակցությամբ գործում է ՀՀ իրավազորությունը, դրանով է պայմանավորված, շարունակեց գլխավոր դատախազը, որ հայկական կողմը հարուցել է քրեական գործ, ըստ ՀՀ ՔՕ, և այս պայմաններում իրականացվում է ՀՀ իշխանություն իրավազորությունը.
«Այսօրվա ընթացքում համապատասխան քննչական և դատավարական գործողություններ են իրականացվելու: Սա այն հարցը չի, որ մենք պետք է զգացմունքային լուծմամբ առաջնորդվենք, որովհետև մենք գործում ենք այնպիսի կարգավորումների հետ, որոնք նոր չեն ծնվել և համաշխարհային փորձի արդյունք են: Եվ դրա համար մենք բացարձակ չենք խոսում որևէ մեկին, որևէ իրավազորություն հանձնելու կամ զիջելու մասին: Դա ընդամենը թյուր կարծիք է ձևավորվել»,- հավելեց Գ. Կոստանյանը` ընդգծելով, որ ամենն ընթանալու է երկու պետությունների օրենսդրությունների համադրության, համեմատության և կիրառելիության միջոցով:
Գ. Կոստանյանը հատուկ շեշտեց. ոճրագործը պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանի տարածքում և բոլորս ականատեսն ենք լինելու ամբողջ գործընթացին, այդ թվում և պատժի իրականացմանը: Թե իշխանությունը, թե իրավական մարմինները հետևողական են այս հարցին.
«Մենք ամեն ինչ անում ենք և մեր օրենսդրության, և միջազգային իրավունքի շրջանակում: Անձը, կրկնում եմ, ենթարկվելու է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության տարածքում»,- շեշտեց Գ. Կոստանյանը:
Վերջում Գ. Կոստանյանը ավելացրեց, որ այսօր ամբողջ օրը կգտնվի Գյումրիում և կհանդիպի ցանկացած քաղաքացու հետ և բոլոր այն անձիք, որ ունեն հարցեր ու չպարզաբանված մոտեցումներ, նրանց հետ հանդիպում կանցկացնի: