15/01/2015 13:03
«Եթե հանցագործությունը զորամասից դուրս է կատարել, որևէ միջազգային պայմանագիր չի գործում»
Վալերի Պերմյակովը ձերբակալվել է Հայաստանում, սա է իրավական առանցքաքարը այս գործում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Գյումրիում կատարված դաժան սպանությանը:
«Ռուսաստանի Սահմանադրությունը, որին հղում է անում ՀՀ գլխավոր դատախազությունը, որևէ կապ չունի Գյումրիում կատարված սպանության և այդ գործով կալանավորված Վալերի Պերմյակովի հետ: Այն կգործեր միայն այն դեպքում, եթե Վալերի Պերմյակովին հայտնաբերեին ՌԴ տարածքում»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ Վ. Պերմյակովին անգամ իրավունք չունեին մտցնել ռուսական ռազմաբազա, և եթե զինծառայողը ռուսական զորամասում կատարել է հանցագործություն, ապա ՌԴ իշխանությունները պետք է դիմեն ՀՀ Գլխավոր դատախազությանը, որպեսզի հանձնի իր քաղաքացու իրեն, իսկ դատախազությունը պետք է քննարկի ու որոշում կայացնի:
«Եթե հանցագործությունը զորամասից դուրս է կատարել, այդ դեպքում որևէ միջազգային պայմանագիր չի գործում, քանի որ Հայաստանի տարածքում հանցանք կատարած անձը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի ՀՀ օրենքների համաձայն: Եթե անձը հանցագործություն է կատարել թե՛ զորամասի տարածքում, թե՛ զորամասից դուրս, ապա պետք է կրկին ՌԴ-ն դիմեր ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ իր երկրի քաղաքացուն իրեն հանձնելու առաջարկով»,- ասաց նա:
Ասուլիսին մասսնակից Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ այս հարցը քաղաքական է, թեև ՀՀ-ում ՌԴ դեսպանը հայտարարում է, որ այն պետք չէ քաղաքականացնել:
«Այս գործը ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ համակարգում ուղղակի ողբերգական վիճակ է և առկա հարաբերությունները, որոնք իբր կոչված են ապահովելու մեր անվտանգությունը, հասցրել են նրան, որ նույնիսկ մեր ննջարաններում մեր անվտանգությունն ապահովված չէ»,- ասաց փորձագետը: