15/01/2015 14:27
ՄԻՊ. Կարծում եմ՝ Գլխավոր դատախազությունը գրավոր կպահանջի Վալերի Պերմյակովի փոխանցումը
Միջպետական պայմանագրերով և այսօրվա մեր օրենսդրությամբ սպանության գործի ընդդատությունը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազի երեկվա հայտարարությունից հետո իրենք ակնկալում են, որ քննությունը և գործի հետագա ընթացքը տեղի կունենան Հայաստանում, և նա պատասխանատվության կենթարկվի ՀՀ իրավապահ համակարգի կողմից:
Դիտարկմանը, թե 102-րդ ռուսական ռազմաբազան ևս Հայաստանում է, Կ. Անդրեասյանը ասաց, որ միջպետական համաձայնագրի առաջին հոդվածով, եթե կասկածյալը գտնվում է Հայաստանի տարածքում, ապա խոսքը ոչ թե արտահանձնման, հանձնման մասին է, այլ փոխանցման մասին:
«Կարծում եմ՝ Գլխավոր դատախազությունը գրավոր կպահանջի այս փոխանցումը, որպեսզի մնացած գործընթացները լինեն այնպես, ինչպես ակնկալում է մեր հասարակությունը»,- ասաց Կ. Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ իրենց իրավասության շրջանակում չի արվել որևէ գործողություն կամ ցուցաբերվել անգործություն, որ պետք է արվեր ըստ օրենքի: «Այս պահին օրենքի խախտում չենք արձանագրել, ունենք մահոգություններ, որ եթե ճիշտ չփարատվեն, կարվեն համապատասխան գործողություններ»,-ասաց նա:
Կ. Անդրեասյանը ասաց, որ սա քաղաքական գործընթաց է, որի մասին ինքը տեղյակ չէ և իր կողմից դա կլինի սպեկուլյացիա ասել, թե այս պահին ինչ գործընթացներ են իրականացվում: