15/01/2015 17:22
Գյումրիում մեկնարկեց բողոքի ցույցը. Տեղում է ՀՀ գլխավոր դատախազը
Քիչ առաջ, Գյումրիում՝ Շիրակի մարզի դատախազության դիմաց, վերսկսվեց նախօրեին ընդհատված բողոքի ակցիան:
Ինչպես և խոստացել էին ակցիայի մասնակիցները, ժամը 17.00-ին նրանք հավաքվեցին դատախազության մոտ՝ ստանալու իրենց պահանջի պատասխանը՝ «Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին դաժան սպանության գլխավոր կասկածյալ ռուս զինվոր Վալերի Պերմյակովը պիտի հանձնվի և պատիժը կրի Հայաստանում»:
«Այսօր առավոտից մենք քննարկումներ ունեցանք և լրագորղների հետ հանդիպման ժամանակ էլ ես փորձեցի դետալային ներկայացնել ձեզ հետաքրքրող հարցերը»,- ակցիայի մասնակիցներին ասաց Գյումրիում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նա առաջարկեց ստեղծված իրավիճակը քննարկելու ու պարզաբանելու համար տեղում գտնվողներից 20-30 մարդու հետ բարձրանալ դահլիճ: Հավաքվածները, սակայն, չհամաձայնեցին՝ պահանջելով, որ հարցերի պատասխաններ տրվեն տեղում ու բոլորին:
«Ես առաջարկում եմ բարձրանալ, որ ամեն մեկն իր հերթին սխալ կամ ճիշտ հետևություններ չանի, ես պատրաստ եմ ցանկացած հարցի հետ կապված, այդ թվում՝ իմ հայտարարությունների հետ կապված քննարկել: Ես չեմ խուսափում քննարկելուց»,- ասաց Գևորգ Կոստանյանը, ինչին ի պատասխան հավաքվածներն ասացին՝ իրենք քննարկելու բան չունեն.
«Մեզ մի հարց է հուզում՝ գործի իրավազորությունը գտնվու՞մ է ՀՀ պատկան մարմինների հսկողության ներքո, թե ոչ»,- հարցրին ակցիայի մասնակիցները:
«Այսօր ժամը 12-ից ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ռուսական բազայում են: Այդ հանգամանքն արդեն ենթադրում է, որ իրավազորություն կա: Ժողովուրդ, էդ հանցագործը ՀՀ-ում է դատվելու, քրեադատավարական ամբողջ ընթացքն այստեղ է լինելու»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Սրան ի պատասխան հավաքվածները նշեցին, որ «Ենթադրում է»-ն իրավաբանական տերմին չէ.
«Անձը քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվելու է ՀՀ-ում»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը, սակայն այդպես էլ չպատասխանեց՝ այդ դեպքում ինչու՞ հիմա նա ՀՀ իրավապահների մոտ չէ:
Այս պահին գլխավոր դատախազը վերադարձել է դատախազության շենք, իսկ ցուցարարները պահանջում են, որ նա նորից գա ու հստակ պատասխան տա իրենց հարցերին: