16/01/2015 18:23
Հ. Մանուկյան. Իրավական համակարգը հետևողական է՝ հանցանք կատարած անձը ենթարկվի արդարացի պատասխանատվության և պատժի
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման սկզբում արդարադատության նախարարն, անդրադառնալով վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին, իր ցավակցությունն է հայտնել դեսպանին՝ գնահատելով ֆրանսիացիների հաստատակամությունը խոսքի ազատության և ժողովրդավարական արժեքների պահպանման գործում:
Դեսպանն իր հերթին իր երկրի անունից ցավակցել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Նա նշել է, որ խորապես ցնցված է անմեղ մարդկանց սպանություններից և լիահույս է, որ հանցանք կատարած անձը կենթարկվի արդարացի պատասխանատվության և պատժի: Հովհաննես Մանուկյանը հայտարարել է, որ կարվի ամեն հնարավորը, քննությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար: Նախարարն ասել է նաև, որ Հայաստանի ողջ իշխանությունը, ամբողջ իրավական համակարգը հետևողական են լինելու այս հարցում:
Հանդիպմանը քննարկվել են արդարադատության համակարգում և իրավական ոլորտում հետագա երկկողմ համագործակցության հեռանկարները՝ նախանշելով որոշակի ուղղություններ: Անդրադառնալով հայ-ֆրանսիական բազմաբևեռ համագործակցությանը՝ ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ Ֆրանսիան Հայաստանի կարևորագույն գործընկերներից է և ՀՀ կառավարությունը գնահատում է հատկապես Ֆրանսիայի շարունակական ջանքերը Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: