16/01/2015 13:16
Վարդան Պետրոսյանի գործ. Ապահովագրական ընկերությունը մեքենայի համար տուժողին վճարել է 3 մլն դրամ
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից տուժած Տաթևիկ Հակոբյանի հետագա բուժման ծախսերը հոգալու համար ապահովագրական ընկերությունը չի վճարել։ Այս մասին այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ասաց տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Նրա խոսքով՝ ինքը հարցում է կատարել «Ռոսգոստրախ Արմենիա» ապահաովագրական ընկերություն և պատասխան ստացել, որ սկզբնական շրջանում տրամադրվել է որոշակի գումար Տաթևիկի բուժման ծախսերը հոգալու համար, սակայն հետագա բուժման համար որևէ գումար չի տրամադրվել, թեև ընկերությունը նման պարտավորություն ունի:
Ռ. Բալոյանը ասաց, որ ապահովագրական ընկերությունը Արթուր Հակոբյանին որպես մեքենայի վնասվելու փոխհատուցում փոխանցել է 3 մլն 55 հազար դրամ։
Վարդան Պետրոսյանի փաստաբանը ընդմիջում խնդրեց ապահաովագրական ընկերության պատասխանին ծանոթանալու համար։
Դատարանը ընդմիջում հայտարարեց։
Հիշեցնենք, որ որ ըստ Վ. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242 Հոդվածի 3 Մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով: