16/01/2015 15:24
Վարդան Պետրոսյանի գործ. Դատարանը Ռուբեն Բալոյանի հայցն ընդունեց վարույթ, տուժողներին ճանաչեց քաղհայցվոր
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով դատարանը տուժողներ Հակոբյանների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի հայցն ընդունեց վարույթ, տուժողներին ճանաչեց քաղհայցվոր, իսկ քաղաքացիական գործով պատասխանող՝ Վարդան Պետրոսյանին: Դրանից հետո դատարանում լարված իրավիճակ ստեղծվեց:
Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը առարկություն ներկայացրեց այս որոշմանը՝ նշելով, որ հիմնավորվա՞ծ է տուժող կողմի գումարային պահանջը, այդ թվում նաև փաստաբանին տրվելիք դատական ծախսը:
Վ. Պետրոսյանը ասաց, որ գումարի հարցը թողնում է դատարանի հայեցողությանը, իսկ իր հարազատները օգոստոս ամսին 20 հազար դոլարի չափով գումար են տրամադրել տուժողներին:
Տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանը ասաց, որ Վ. Պետրոսյանի հարազատները այդ գումարը թողնելիս ասել են, որ այդ գումարը վերցնեն՝ համարելով, որ «սա ինչ-որ մեկը բերել թողել է պատուհանին ու գնացել», իսկ Արթուր Հակոբյանը ասաց, որ Վարդանի անունից շեշտել են գումարը տալու ժամանակ, որ սա կապ չունի Տաթևիկի բուժման ծախսի հետ:
Ռ. Բալոյանն հայտարարեց, որ վիրավորված է իր վստահորդներից, որ առանց իր գիտության նման քայլ են արել, ինչպես նաև, որ հաշտության պայմանագիր կնքելու համար Հակոբյանները դիմել են անգամ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին:
Ռ. Բալոյանը միջնորդեց դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Դատավորը մտել է խորհրդակցական սենյակ: