17/01/2015 09:15
Ռուսական TV-ների չեզոքությունը պայմանավորված է նրանով, որ սա վերաբերվում է բանակի հեղինակությանը. «Առավոտ»
«Առավոտը» Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի շուրջ զրուցել է ռուսական «Независимая газета» թերթի լրագրող Ալեքսեյ Գորբաչովի հետ:
«Ես դեպքի մասին իմացել եմ հաջորդ օրը` կարդալով այն համացանցում: Մեր թերթն այս մասին գրել է այս շաբաթ, և հոդվածը դարձել է ամենաընթերցվածը», - ասում է նա: Նշում է, որ կատարվածին իրենց լրատվամիջոցը անդրադարձել է ` հիմնվելով բաց ռուսալեզու աղբյուրների վրա, որոնք հասանելի են եղել իրենց համար: «Հրապարակումներում հիմնականում նկարագրվում էր կատարվածը, մասնագետների կարծիքները` ի՞նչ է պատահել և ո՞վ պետք է դա հետաքննի», - պատմել է Ալեքսեյ Գորբաչովը:
Նա նշել է, որ ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցները, այդ թվում` հեռուստաընկերությունները, ներկայացրել են կատարվածը:
«Պետական հեռուստաընկերության ներկայացրածը շատ չեզոք էր: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ համարյա բոլորը լսել են այս դեպքի մասին: Կարծում եմ` ռուսական հեռուստաընկերությունների չեզոքությունը պայմանավորված է նրանով, որ սա վերաբերվում է ռուսական բանակի հեղինակությանը: Ամբողջության մեջ կատարվածը ռուսական լրատվամիջոցներով քիչ է լուսաբանվում, որովհետև այն Ռուսաստանից դուրս է: Պետական հեռուստաընկերությամբ այն հեռարձակվեց ինչպես սովորական հանցավոր միջադեպ: Այլ լրատվամիջոցներով նշվում էր, որ զինվորը եղել է հարբած կամ հոգեկան անհավասարակշիռ վիճակում, և նաև ասվում էր, որ սա առաջին դեպքը չի նրա հետ, ոնց որ թե նա նախկինում նույնպես ցանկացել էր տուն փախչել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: