17/01/2015 11:51
Պերմյակովի նախկին փաստաբան. Հոգեկան հիվանդի տպավորություն չէր թողնում
Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանդի գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի՝ կասկածյալ լինելու ընթացքում պաշտպան Թամարա Յայլոյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Վ. Պերմյակովը հարցաքննության ընթացքում իր վրա հոգեկան հիվանդի տպավորություն չի թողել:
Փաստաբանն ասաց, որ մասնակցել է Վ. Պերմյակովի հարցաքննությանը, անձնական խուզարկությանը, ձեռքերից, ականջներից և քթանցքից փորձանմուշներ վերցնելուն: Նա հույս հայտնեց, որ բոլոր փորձաքննությունները կիրականացվեն Հայաստանում:
«Բոլորովին հոգեկան հիվանդի տպավորություն չէր թողնում: Նա հարցերին պատասխանում էր հակիրճ, հանգիստ, բայց հարցաքննության ընթացքում երբեմն քնում էր, երևի հոգնածությունից պատճառով»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ Պերմյակովը՝ որպես սպանդ իրականացնելու պատճառ, ասել է, որ Ավետիսյաններին երբևէ չի ճանաչել, ուղղակի գնացել է զբոսնելու, պատահական հասել է այդտեղ, ծարավ է զգացել, պատուհանից մտել է Ավետիսյանների տուն:
«Պատմում էր, որ պատուհանից է մտել տուն, 3 սենյակ էր, առաջինում մի հոգի է եղել, արթնացել է, աղմկել, ինքը ասել է, որ հայերեն չի հասկանում, երբ Ավետիսյանը ձեռքը տարել է հեռախոսին, ինքը կրակել է, հետո երկրորդ սենյակից է ձայն լսել, գնացել, տեսել 2 հոգի, երկուսին էլ կրակել, երրորդ սենյակում 4 հոգի էին, երեքին սպանել է, փոքիկին էլ է ուզել սպանել, ավտոմատը չի աշխատել, դրա համար դրա վրա գտնվող սվինով է հարվածել: Դրանից հետո նա հագուստը փոխել է, ջուր խմել և հեռացել»,- ասաց փաստաբանը:
Թ. Յայլոյանի խոսքով՝ քննիչի հարցին՝ արդյոք ինչո՞ւ սպանեցիր, երեխային ինչո՞ւ սպանեցիր, ասում էր՝ չեմ կարող ասել:
«Վ. Պերմյակովը պատմում էր, որ ինքը Թուրքիա գնալու նպատակ չի ունեցել, հենց այնպես փախել է, հայտնվել սահմանի մոտ»,-ասաց փաստաբանը:
Արդյոք Պերմյակովը զղջո՞ւմ էր կատարված համար, փաստաբանը պատասխանեց. «Քնիչի հարցին՝ արդյոք Պերմյակովը զղջո՞ւմ է, նա պատասխանեց՝ այո: Իհարկե, շատ դժվար է ասել, երբ է մարդը իսկապես զղջում: Կարող է բազմաթիվ խոսքեր ասել և չզղջալ, և մի խոսք ասել ու իսկապես զղջալ»,- ասաց նա:
Արդյոք ինչքանո՞վ են փաստաբանին արժանահավատ թվում Պերմյակովի խոսքերը: Փաստաբանը ասաց, որ ճիշտ չի լինի այդ հարցին պատասխանել, քանի որ եղել է Պերմյակովի փաստաբանը, իսկ արժանահավատությունը կորոշվի ապացույցների համադրությամբ:
«Կան նման մարդիկ, որոնք առանց որևէ տրամաբանության ինչ-որ բան են անում»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք Պերմյակովը պնդո՞ւմ էր, որ մենակ է գործել, փաստաբանը պատասխանեց՝ այո:
Հարցին՝ արդյոք ճի՞շտ են լուրերը, որ Պերմյակովի դեմ այլ քրեական գործ էլ է հարուցել ռուսական կողմը, որի մասին չի հրապարակվում, փասատաբանը պատասխանեց, որ նա մեղադրվում է սպանության և դասալքության մեջ:
Իրավական տեսանկյունից արդյոք արդարացվա՞ծ է այն, որ ռուսական կողմը Վ. Պերմյակովին չի հանձնում հայ իրավապահներին, փաստաբանն ասաց, որ միջազգային իրավունքի մասնագետ չէ, սակայն ՌԴ օրենսդրությամբ իրենք իրենց քաղաքացուն պարտավոր չեն հանձնել մեկ այլ երկրին, իսկ ռազմաբազան, որի տարածքում գտնվում է Պերմյակովը, ենթարկվում է ռուսական իշխանություններին:
Փաստաբանն ասաց, որ մտադրություն չուներ երբևէ խոսել այս թեմայով, եթե չլինեին իր վերաբերյալ որոշ խոսակցություններ, որ նա գումարի դիմաց համաձայնվել է պաշտպանել Պերմյակովին: «Ես հանրային պաշտպան չեմ, այլ փաստաբան, սակայն հարցը գումարի մեջ չի: Ես ինքս դատապարտում եմ այդ հանցագործությունը և հրաժարվել եմ Պերմյակովի շահերի պաշտպանությունից»,- ասաց նա: