19/01/2015 18:00
Գյումրին` Գլխավոր դատախազին. Լարվածությունը թուլացնելու համար՝ նախաքննությունը պետք է հանձնվի հայ իրավապահներին
Գյումրու քաղաքապետարանը ուղերձով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
«Հարգելի պարոն դատախազ,
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած սարսափազդու ողբերգությունը ցնցել է Գյումրի համայնքի բնակիչներին և ողջ հայությանը:
Ողբերգությունը առաջացրել է համայնքի բնակիչների արդարացի վրդովմունքը: Ազգաբնակչության մեջ տիրող լարվածությունը չի թուլանում, որը հղի է լուրջ հետևանքներով, ինչի ականատեսը եղանք վերջին օրերին: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել գործուն քայլեր:
Այդ կապակցությամբ ակնկալում ենք Ձեր միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահ մարմիններին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:
Հուսով ենք արդարադատությունը կհաղթանակի և մեղավորները կստանան արժանի պատիժ՝ օրենքի ողջ խստությամբ»,- ասվում է Գյուրմու քաղաքապետարանի ուղերձում: