19/01/2015 12:53
ՌԴ-ի կողմից ոտնահարվել է միջազգային պայմանագիր. Զ. Փոստանջյան
Գյումրու միջադեպը պետք է դիտարկել արտառոց. Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ գտնվում էր Գյումրում:
Նա ընդգծեց, որ այն իրավահարաբերությունները, որոնք գոյություն ունեն Հայաստանի ու ՌԴ միջև, Ռուսաստանին պարտավորեցնում են կասկածյալին հանձնել հայկական կողմին:
«Այն պարտավորությունները, որոնք համաձայնեցված են ինչպես ռազմաբազա տեղակայելու շուրջ, այնպես էլ սահմանապահ զորքերի պայմանագրով, թույլ է տալիս Պերմյակովին հանձնել հայկական կողմին»,- ասաց պատգամավորը՝ շեշետելով, որ ռուս սահմանապահները, Պերմյակովին հանձնելով ռուսական կողմին, թույլ են տվել օրենքի կոպիտ խախտում:
«ՌԴ-ի կողմից ոտնահարվել է միջազգային պայմանագիր: Բոլորն անդրադարձան ռազմաբազայի դրույթին, բայց տվյալ համաձայնագրում կա դրույթ, որտեղ հստակ սահմանված է, որ հայկական սահմանը հատողը պետք է հանձնվի հայկական կողմին: Ռուս սահմանապահները Պերմյակովին մինչև հանձնելը պետք է նրան արգելանքի տակ վերցնեին ու հանձնեին հայկական կողմին, քանի որ վերջինս փորձել է հատել հայկական սահմանը: Սահմանը հատողը կարող էր լինել ռուս զինվոր, ՀՀ քաղաքացի, անգամ այլ պետության քաղաքացի: Այդ պահին ուղղակի վերցնել ու ռուս սահմանապահների իրավասության ներքո հանձնելն՝ իրավասու չէր: Սա արդեն կոպիտ իրավունքների խախտում է, որը վերաբերում է ոչ միայն ՀՀ ինքնիշխանությանը, այլև՝ ՀՀ Սահմանադրությանը: Օրենքով հստակ գրված ու սահմանված է, որ ռուս սահմանապահները ռուսական ռազմաբազային հանձնելու իրավունք չունեին: Այստեղ իրավապահ մարմինները պետք է հետամուտ լինեն մեր իրավունքներին»,- մանրամասնեց նա՝ հստակեցնելով, որ սահմանը հատելով Պերմյակովն առաջին հերթին խախտել է ՀՀ օրենքը, հետևաբար այս գործն առաջին հերթին պետք է քննեն հայ իրավապահները:
«Այս ամենը հանցակազմ է իր մեջ պարունակում»,- ամփոփեց իր միտքը պատգամավորը: