19/01/2015 10:28
Ռուսական ռազմաբազայի ներքին կարգապահական ռեժիմը կուժեղացվի
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատասենյակում նախօրեին տեղի է ունեցել փակ խորհրդակցություն, որին ներկա են եղել ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնակատար Սերգեյ Մերզլիկինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին և Շիրակի մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի կայքից:
Հանդիպման օրակարգում Գյումրիում առաջացած լարվածության թուլացման, ավելորդ շահարկումներից և սադրիչ տրամադրություններից խուսափելու գործողություններին ուղղված հարցերն են եղել:
Ռուսական կողմին առաջարկվել է ուժեղացնել ներքին կարգապահական ռեժիմը, սահմանել հսկողություն, տանել բացատրական աշխատանքներ, հարցերի և խնդիրների առաջացման դեպքում արագ ահազանգել համապատասխան մարմիններին, ինչպես նաև տեղյակ պահել Գյումրու քաղաքապետարանին:
Ի պատասխան, ռուսական կողմը նշել է, որ համակարծիք է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկությունների հետ և պատրաստ է ավելի ուժեղացնել վերահսկողությունը, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցառումներ նշված խնդիրների լուծման ուղղությամբ: