20/01/2015 10:56
Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետը կալանավորվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Հայաստանի Հանրապետությունից բացակայող Ալբերտ Ս.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու` անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում վերջինիս կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար 2013 թվականի օգոստոսին ստացել է առանձնապես խոշոր չափերով` 4500 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո շահադիտական նպատակով անձամբ, ինչպես նաև իր ենթակայության տակ գտնվող, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների միջոցով Ալբերտ Ս.-ի` ՀՀ-ում գտնվելու, անձամբ անձնագրային բաժանմունք ներկայանալու և Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել պաշտոնական փաստաթղթերում, կազմել կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա վերոհիշյալ օրենքի և կանոնադրությամբ սահմանված կարգի խախտմամբ Ալբերտ Ս.-ի անվամբ ՀՀ քաղաքացու անձնագիր է տպագրվել ու հատկացվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ լրատվական բաժնից:
Արտյոմ Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: