21/01/2015 14:53
Ստորագրվեց համաձայնագիր. Գյումրու սպանդի գործը քննող շտաբում կընդգրկվի 10 անձ` ՀՀ-ից և ՌԴ-ից
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
Երկու երկրների քննչական կոմիտեների նախագահները կարևորել են տեղի ունեցած սպանության լիարժեք բացահայտումը, բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտումը և պայմանավորվել իրականացնել համատեղ ու փոխհամագործակցված գործողություններ: Քննության ընթացքում համատեղ գործողությունների իրականացումը կկազմակերպվի համաձայնագրով ստեղծված շտաբի կողմից:
Շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ` ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:
Քրեական գործի քննության ընթացքում փոխգործակցությունը և բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն:
Հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինը հավաստիացրել է, որ Պերմյակովի նկատմամբ քրեական գործի քննությունը, նախաքննությունը և հետագայում դատավարությունը տեղի կունենա բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում:
ՌԴ քննչական կոմիտեի նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ, որոնց առանցքում եղել են Ավետիսյանների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությանը վերաբերող հարցեր և քննության ընթացքը:
Հունվարի 20-ի երեկոյան պատվիրակությունը վերադարձել է Մոսկվա: