21/01/2015 20:30
Երգիչ Մհերը` սպասվող մենահամերգի և դուետների մասին
2015 թվականին երգիչ Մհերը կներկայանա հարուստ երգացանկով: Ինչպես Life.panorama.am-ին հայտնեց վերջինս՝ հանդիսատեսին սպասվում են նոր երգեր, զուգերգեր ու տեսահոլովակներ: Սակայն նրա համար այժմ ամենակարևորը հերթական մենահամերգն է:
«Արդեն 5 տարի է, մենահամերգ չեմ ունեցել: Շատ եմ կարոտել իմ հանդիսատեսին, ընդհանրապես՝ այդ վիճակը: Գիտեմ, որ իմ հանդիսատեսն էլ ինձ է կարոտել: Հաճախ են հարցնում՝ ե՞րբ է լինելու մենահամերգը: Իմ պրոդյուսերի հետ պատրաստվում ենք քննարկել: Տեսնենք, երբ կստացվի»,- մեջբերեց երգիչը:
Ինչ վերաբերում է դուետներին, ապա նա փակագծերը բացել չցանկացավ, թեև խոստացավ հրապարակման դեպքում առաջինը հայտնել մեզ: Նաև ավելացրեց, որ զուգերգերով հանդես գալու պատճառն այն է, որ գործընկերներից շատերի հետ է ցանկանում համագործակցել, իսկ դուետը դրա ամենալավ տարբերակն է.
«Ուզում եմ տեսահոլովակը պատրաստ լինի, հետո նոր անուն տամ: Այդպես ավելի ճիշտ կլինի, քանի որ հիմա աշխատանքային ընթացքի մեջ է: Եվ ասեմ, որ պետք է սպասել ոչ թե մեկ, այլ մի քանի դուետների»:
Մհերից հետաքրքրվեցինք նաև անձնական կյանքում եղած նորությունների մասին:
«Այդ դաշտում նորություններ չունեմ, ամեն ինչ դեռևս ընթանում է սովորական հունով»,- զրույցը ժպիտով եզրափակեց երգիչը: