21/01/2015 17:15
Ազնավուրը համերգներով կլինի Ռուսաստանում
Ապրիլի 20-ին Սանկտ Պետերբուրգում, իսկ 22-ին՝ Մոսկվայում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մենահամերգը:
Այս մասին տեղեկանում ենք երգչի Facebook-յան պաշտոնական կայքից: Համերգները կկայանան Մոսկվայում՝ «Կրոկուս Սիթի Հոլում», իսկ Պետերբուրգում՝ «Օկտյաբրսկի» համերգային մեծ դահլիճում:
Ինչպես գրում է «Կրոկուս Սիթի Հոլ»-ի պաշտոնական կայքը՝ համերգը Մոսկվայում կկայանա հազարավոր հիացած հանդիսատեսի խնդրանքով:
«Հայազգի Շառլ Ազնավուրը բազմաթիվ երգերի հեղինակ է, որոնք մեծ ճանաչում ունեն ոչ միայն ֆրանսիական էստրադայի գանձարանում, այլև՝ համաշխարհային երաժշտական հարուստ զինանոցում: Մեծն Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարողը, ով նաև Եվրոպայի «Պլատինե սկավառակ» մրցանակակիր է:
Բոլորովին վերջերս Ազնավուրը նշել է իր 90-ամյակը, որի կապակցությամբ մենահամերգներով շրջագայում է աշխարհով մեկ: Նրա երգերի մեծ մասը կատարում են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, ինչպիսիք են Լայզա Մինելին, Հուլիո Իգլեսիասը և այլք: Դուետներով Ազնավուրը երգել է աշխարհահռչակ մեծություններ Ֆրենկ Սենատրայի, Լուչիանո Պավարոտտիի, Սելին Դիոնի, Պլաչիդո Դոմինգոյի և ուրիշների հետ:
Նրա և Ժորժ Գարվարենցայի «Հավերժական սեր» ստեղծագործությունը թարգմանվել է տարբեր լեզուներով»,- գրված է «Օկտյաբրսկի»-ի պաշտոնական կայքում: