21/01/2015 18:18
Հայ քննիչներն այսօր մեղադրանք են առաջադրել Վալերի Պերմյակովին
Հայ քննիչներն այսօր մեղադրանք են առաջադրել Վալերի Պերմյակովին՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության համար։ Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով՝ այժմ քննչական խումբը հարցաքննում է Վ. Պերմյակովին։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ահազանգ է ստացվել Գյումրիում 6 հոգու սպանության մասին։ Անհապաղ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները՝
Ավետիսյան Սերյոժա Կարապետի
Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի
Ավետիսյան Աիդա Սերյոժայի
Ավետիսյան Արմեն Սերյոժայի
Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի
Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.)
Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, ով օրեր առաջ մահացավ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրանք է առաջադրվել ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին: