22/01/2015 16:43
Հետևանքը կարող է լինել քաղաքական, բայց փաստն իրավական է. Գևորգ Կոստանյան
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրու միջադեպի իրավական գործընթացի ողջ բեռն ամբողջությամբ վերցրել է իր վրա, սակայն դա միայն նրա գործը չէ։ Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Դիմելով գլխավոր դատախազին՝ պատգամավորն ասաց.
«Այս հարցերն առնչվում են նաև ԱԱԾ պետին ու ԱԳՆ-ին: Դուք վերցնում եք Ձեզ վրա մի բան, որ Դուք չպիտի անեք: Շատ լավ է, որ եկել եք, բայց մի վերցրեք Ձեզ վրա մի բան, որն ուրիշը չի անում, կորա՞ծ է մեր ԱԳ նախարարը, ԱԱԾ-ն պետք է զբաղվի»,- նշեց նա և հավելեց, որ միայն Կոստանյանը չէ, որ պետք է դիմի ՌԴ գլխավոր դատախազին:
Ա. Արզումնանյանն ընդգծեց նաև, որ ռուս զինծառայող, կասկածյալ Վալերի Պերմյակովը երրորդ հանցագործությունն է կատարել, երբ փորձել է հատել հայ-թուրքական սահմանը: Նա շեշտեց, որ ըստ 1992թ-ին ձեռքբերված պայմանավորվածությունների՝ սահմանը հատելու փորձ անողը պիտի հանձնվի հայ իրավապահ մարմիններին:
«Չի եղել մի դեպք, որ սահմանահատին հանձնեն որևէ երկրի դեսպանատուն, խախտվել է միջպետական պայմանագիրը, ու ռուս սահմանապահներն էլ պետք է տեղեկացնեին, որ փորձել է հատել սահմանը: Այստեղ քրեական գործի հարցեր կան, խնդրում ենք, որ քրեական գործ հարուցվի»,- նկատեց պատգամավորը:
Գևորգ Կոստանյանըն էլ իր հերթին արձագանքելով պատասխանեց, որ բոլոր մարմիններն էլ իրենց լիազորություններն իրականացնում են պատշաճ կերպով:
«Մենք իրականացնում ենք մեր բոլոր գործառույթները, ես չեմ ուզում լիազորությունների բացահայտման մասին խոսել, լիազորություններն իրականացնում ենք ամեն մեկս մերը, բայց պատասխան ենք տալիս իրար հետ միասին»,- ասաց Գ. Կոստանյանը՝ ընդգծելով թեև հարցը քաղաքական տիրույթում չէ, սակայն փորձ է արվում այդ ուղղությամբ տանել:
«Հետևանքը կարող է լինել քաղաքական, բայց փաստը իրավական է»,-ասաց նա: